Իրանի կողմից ըմբռնում կա, որ յուրաքանչյուր իշխանություն ժամանակավոր է, իսկ Հայաստան-Իրան հարաբերությունները՝ հավերժական. Վարդան Ոսկանյան

Այսօր հայտնի դարձավ, որ Իրանը չեղյալ է հայտարարել 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, և մայիսի 21-ից հետո Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած մեքենա պետք է վճարի 120 դոլար:

Այս որոշումը Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիմնավորել է նրանով, որ հայկական կողմը չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոմեքենաներից և 2021թ. սկզբից միակողմանի չեղարկել է Մեղրիի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը:

Խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհն անցավ Ադրբեջանի հսկողության տակ:

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ սա շատ վատ ցուցիչ է, քանի որ իրականության մեջ ՀՀ համար Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն, և այս ուղղությամբ ամեն ջանք պետք է գործադրվի, որպեսզի այն լինի հնարավորինս դյուրին և անխափան:

«Առանց այն էլ հարավային ուղղությամբ դեպի Իրանի սահման ստեղծվել է խնդիր, որը պայմանավորված է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը թշնամուն հանձնելու փաստով և, այսպես կոչված այլընտրանքային ճանապարհի ստեղծումով Տաթևի ուղղությամբ, ինչը խնդրահարույց է ծանր բեռնատարների համար: Եթե հիմա էլ Իրանը նման որոշում է կայացրել, ապա դա ցույց է տալիս, թե որքան վատ է աշխատում հայկական կողմը մեր կարևորագույն գործընկերոջ հետ, որը Հայաստանի հանդեպ ունի բարեկամական դիրքորոշում և դա բազմիցս ի ցույց է դրել այն ժամանակ, երբ ՀՀ Սյունիքի մարզ ադրբեջանաթուրքական ներխուժման սպառնալիք կար զորաշարժերի, հայտարարությունների և հռետորաբանության տեսքով: Խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ըստ էության ստեղծվել է միասնական թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական տարածք, և Հայաստանն Իրանի այլընտրանքն է դեպի հյուսիս-արևմուտք իր ելքն ապահովելու համար»,- նշեց իրանագետը:

Հարցին՝ կարելի՞ է սրանից հետևություն անել, որ Իրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է դեպի վատը, թե՞ սա կարելի է պարզապես փոքր միջադեպ համարել, որը ճիշտ դիվանագիտության օգնությամբ կարելի է հարթել, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ ՀՀ գործող վարչախումբը պետական ամենաբարձր մակարդակով բազմաթիվ կոպտագույն սխալներ է թույլ տվել Իրանի հետ հարաբերություններում, բայց Իրանի կողմից ըմբռնում կա առ այն, որ յուրաքանչյուր իշխանություն ժամանակավոր է, իսկ Հայաստան-Իրան հարաբերությունները, ըստ էության, հավերժական են, և դրանք միշտ պետք է լինեն բարեկամական:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս