«Աստված չանի, եթե Փաշինյանին հաջողվի մնալ, ապա մի քանի շաբաթից կստորագրի այդ պայմանագիրը». Հայկ Խալաթյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է, այսպես կոչված, «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ կապիտուլյացիան շարունակվում է, որովհետև, երբ մի կողմը տեսնում է, որ դիմացինը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, ստորացման, նա միշտ փորձելու է առավելագույնը ստանալ, այլ ոչ թե փնտրել կոմպրոմիս:
«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ասում են, որ իրենց համար ընդունելի են 5 կետերը, ինչը որերորդ անգամ ցույց է տալիս, որ այս մարդիկ դիվանագիտությունից շատ հեռու են: Երբ ասում ես՝ մեզ համար ընդունելի է, հետո փորձում ես հետին կարգով քո կետերն ավելացնել, նույն Խալաֆովը այսօր հայտարարեց, որ իրենց չի հետաքրքրում դա, արհամարհում են այդ կետերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Խալաթյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած հմուտ դիվանագետ, առաջին հերթին, կասեր, որ առաջարկում է իր կետերը և պատրաստ է քննարկել դիմացինի առաջարկը. «Բայց եթե դու ասում ես՝ մեզ համար Ադրբեջանի 5 կետերն ընդունելի են, և փորձում ես նոր կետեր ավելացնել, Ադրբեջանը կասի՝ եթե դու արդեն ընդունել ես իմ կետերը, կշարունակենք դա քննարկել: Այդ 5 կետերից մեկը տարածքային ամբողջականության ճանաչումն է: Հիմա եթե քո համար ընդունելի է, Ադրբեջանում հստակ ասում են, որ այդ կետի տակ հստակ հասկանում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում պետք է լինի»:
Ըստ նրա՝ իշխանությունների այս և մյուս պայմանավորվածությունները կասեցնելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է. «Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ եթե, Աստված չանի, Նիկոլ Փաշինյանին հաջողվի մնալ աթոռին, ապա մի քանի շաբաթից նա երևի կստորագրի այդ խաղաղ պայմանագիրը, նշաձողը կիջեցնի, ինչի մասին նա խոսեց: Փաշինյանը խոսում է նշաձողն իջեցնելու մասին, դրանից հետո գրեթե բոլոր իշխանական պատգամավորները ելույթ են ունենում, որ ցույց տան, թե պատրաստ են կիսել ամբողջ պատասխանատվությունը, էլ ավելի պրոթուրքական հայտարարություններ են անում, հենց սկսվում են ընդդիմության ակցիաները՝ Փաշինյանը և իր թիմակիցներն ասում են՝ դե, մեզ սխալ հասկացաք, դա նկատի չունեինք»:
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած փաստաթուղթ ստորագրել՝ առանց մտածելու, որ կարող է դա հակասել մի քանի օր առաջ մի այլ երկրում ստորագրած փաստաթղթի. «Դրանից հետո ակնկալել, որ որևէ մեկը լուրջ կվերաբերվի Հայաստանի իշխանություններին, սխալ է»:
Նրա գնահատմամբ՝ իշխանությունները բռնել են ակնհայտ հակառուսական գիծ, և Արցախի հարցում զիջումների գնալու նրանց գլխավոր նպատակը հենց Ռուսաստանից ազատվելն է. «Ըստ Փաշինյանի և իր թիմակիցների՝ եթե Հայաստանը փորձի պաշտպանել Արցախը, նա ստիպված է լինելու տանել հակաադրբեջանական գիծ, իսկ եթե հակաթուրքական, հակաադրբեջանական քաղաքականություն ես վարելու, ստիպված ես միշտ համագործակցել Ռուսաստանի հետ, որովհետև որևէ այլ երկիր քեզ չի կարող ո՛չ զենք մատակարարել, ո՛չ քո անվտանգությունը որոշ չափով ապահովել: Հիմա այս մարդկանց կարծիքով՝ հարմար առիթ է վերջնականապես ազատվել Ռուսաստանից, իսկ Արցախի վերաբերյալ ասել՝ դե, ռուսներն են այնտեղ, թող իրենք էլ մտածեն»:
Հայկ Խալաթյանը նշեց, որ այս պահին Ռուսաստանը շահագրգռված չէ իր սահմանների շուրջ ապակայունացմամբ, բոլորը կենտրոնացած են ռուս-ուկրաինական պատերազմի ուղղությամբ. «Ռուսաստանը ո՛չ հավես, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ռեսուրս ունի այս պահին միջամտել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին»:
Անդրադառնալով այն թեզերին, թե Հայաստանում ժողովրդի փողոց դուրս գալով՝ որևէ հարց չի լուծվում, Կրեմլում են կայացվում որոշումները, և այլն, նա նշեց, որ համակարծիք չէ դրանց հետ. «Ժողովուրդը պետք է հասկանա, որ դա կեղծ օրակարգ է, որ՝ մեզանից որևէ բան կախված չէ: Դա հենց միտված է նրան, որ ժողովուրդը չմիջամտի քաղաքական գործընթացներին: Հետաքրքիր է, որ այս իշխանությունը, որը հասարակության շնորհիվ եկավ իշխանության, հիմա փորձում է ամեն ինչ անել, որ հասարակությունը ինչքան հնարավոր է՝ հեռու մնա քաղաքականությունից, չզբաղվի, թողնելով քաղաքականությունը Փաշինյանին և նրա կողմից ստեղծված պսևդո-ընդդիմությանը, որոնք գովերգում են Փաշինյանին և քննադատում են ընդդիմությանը»:
Նա չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը խաղաղ կհեռանա. «Նա անելու է ամեն ինչ, որ պահպանի իր իշխանությունը, և այդ պարագայում միայն փողոցում տասնյակ-հազարավոր մարդկանց երաշխիքն է նրա, որ եթե նույնիսկ ուժ կիրառելու հրաման գնա, ուժայինները կհրաժարվեն այդ հրամանը կատարել: Իսկ այն, որ նա հրաման կտա ուժ կիրառել ցուցարարների դեմ, ես վստահ եմ: Նա անելու է ամեն ինչ, որ պաշտպանի իր իշխանությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում