Կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը. ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, բողոքի անհնազանդության գործողություններին:

Պետքարտուղարության խոսնակը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Հայաստանում մեկ շաբաթից ավելի շարունակվող բողոքի ակցիաներին, նախ ասել է, որ  նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կայացած ռազմավարական երկխոսության շրջանակում հաստատել են  Հայաստանի ժողովրդավարական զարգացման երկկողմ հանձնառությունը ու Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։

Նա ընդգծել է. «Մենք հավատում ենք, որ խաղաղ բողոքի գործողությունները բաց քաղաքական համակարգի մաս են հանդիսանում: Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք կոչ ենք անում մարդկանց արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով: Մենք կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, և կոչ ենք անում ցուցարարներին զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը»,- նշել է Նեդ Փրայսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը Հայաստանում զարգացող բողոքի խաղաղ անհնազանդության գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր էր ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Դեսպան Թրեյսին նշել էր, որ ուշադիր հետևում են ընթացող ցույցերին։ «Միացյալ Նահանգները պաշտպանում է խոսքի ազատությունը և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հորդորում է կողմերին պահպանել խաղաղությունը և հարգանք դրսևորել իրավունքի գերակայության և Հայաստանի ժողովրդավարության հանդեպ»,- նշել էր նա:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս