Բաժիններ՝

Վրաստանի իշխանությունները որոշել են Սահակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, որը կալանքի տակ է գտնվում Ռուսթավի բանտում, առաջարկվելու է բժշկական հետազոտություն եւ, անհրաժեշտության դեպքում, բուժում անցնել Թբիլիսիի կլինիկայում: Այդ մասին մայիսի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

«Բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլիին բանտում նշանակվել է դեղորայքային բուժում, բայց նա ընտրողաբար է ընդունում դեղամիջոցները, ինչով, փաստորեն, հրաժարվում է լիարժեք բուժումից: Մենք, ելնելով բանտարկյալի առողջության շահերից, խուսափելով նրա առողջության բարդացումներից, Սահակաշվիլիին առաջարկում ենք տեղափոխվել «Վիվամեդ» կլինիկա, որտեղ նա բժշկական հետազոտություն կանցնի եւ, անհրաժեշտության դեպքում, նրան հարկ եղած բուժում կնշանակվի»,-ասել է նա:

Բրեգաձեն նշել է, որ այս որոշումը արդարադատության նախարարության կողմից ընդունվել է բժիշկների հանձնարարականների հիման վրա: Ինչպես նա ասել է, «երբ մարդը չի ընդունում նշանակված դեղամիջոցների մի մասը, հրաժարվում է սպիտակուցային սնունդից, առկա է առողջության վատթարացման ռիսկը, ուստի եւ ընդունվել է բժիշկների հանձնարարականը»:

Վերջին շաբաթներին Սահակաշվիլին չի ներկայացել իր դեմ հարուցված քրեական գործերով մի քանի դատական հետաքննությունների՝ վկայակոչելով առողջության կտրուկ վատթարացումը: Փաստաբանների պնդմամբ, նա դժվարությամբ է տեղաշարժվում, խանգարված է նրա խոսքի արտաբերումը, ուստի նրան որակյալ բուժում է անհրաժեշտ արտասահմանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս