Խուլիգանություն. Երեքով հարձակվել են մեկի վրա
Մայիսի 5-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և ազդրի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:
Մեկնել են Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Ավանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ահազանգից մոտ ժամուկես առաջ միջադեպ էր եղել Աճառյան փողոցում: Վեճը ծագել էր տուժածի ու 18, 21 և 34 տարեկան երիտասարդների միջև: Վեճը թեժացել էր, և մասնակիցները կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ: Պարզվել էր նաև, որ դանակով խփողը 18-ամյա երիտասարդն էր:
Ժամեր անց նրանք հայտնաբերվել են Նոր գյուղում և Աբովյան քաղաքում ու բերման են ենթարկվել: 18-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են: