«Իշխանությունը փորձում է սադրել բախումներ հրահրել, ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ հանել». Արսեն Ջուլֆալակյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն է:
Բանախոսը նշել է.
- Իշխանությունը փորձում է սադրել բախումներ հրահրել, ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ հանել:
- Մարդիկ, որոնք այսօր որոշումներ են կայացնում, ատում են այն ամենը, ինչ հայկական է:
- Էս մարդը բոլորին խաբելով, խոստումներ տալով՝ իր ձևով փորձում է պահել իշխանությունը:
- Բոլորին՝ աշխարհաքաղաքական կենտրոններին, փորձում է բավարարել, բայց գալու է պահը, որ էս մարդը թակարդն է ընկնելու ու կործանվելու է:
- Ապացուցված է, Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի համար ձեռնտու թեկնածու է:
- Մենք պետք է հավաքվենք, արտաքին ուժերին տեղ հասցնենք, որ Հայաստանում կա կրիտիկական զանգված, որը դեմ է այս վարչախմբին, ունենք այլընտրանք, իսկ այս իշխանությունը չունի հասարակական աջակցություն:
- Երբ հավաքվի մարդկանց կրիտիկական զանգված, Նիկոլին չի հաջողվի արյուն թափել:
- Իշխող քաղաքական ուժն անցել է բարոյականության սահմանները:
- Ինձ ևս խաբել են, հայտարարել եմ հարթակից: 2018-ին միացել եմ նրանց՝ հենց իրենց խնդրանք-կոչով՝ Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանն ասում էին՝ ճակատագրական պահ է երկրի համար, միացիր մեզ և կրիր պատասխանատվության քո բաժինը: Թասիբի գցեցին, հայրենասիրության, սպորտի խնդիրներով մտահոգության հարցերը օրինակ բերելով, հավատացի՝ միացա, համաձայնելուց 2-3 ամիս հետո աստիճանաբար սկսեցի հասկանալ, որ խաբում են: 2020 թվականի ապրիլից արդեն հասկացա, որ ամեն ինչ նախապես մշակված էր:
- Սկզբում խմբակցության ներսում անարխիա էր, ով ինչ ուզեր՝ կարող էր խոսել. չկար կառավարում, չկար հարգանք միմյանց նկատմամբ, իրենց պատկերացմամբ՝ դա էր ժողովրդավարությունը:
- Փաշինյանը պրոֆեսիոնալ ձևով մանիպուլյացնում էր բոլորին, անուղղակիորեն պարտադրում իր տեսակետը, իսկական բռնատիրություն էր:
- Խմբակցությունը բաժանված էր խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, թիմի ներսում խմբերն իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում:
- Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով՝ նրանց կառավարում է:
- Ակնհայտ երևում է, թե ինչ է կատարվում, օրինակ՝ Կենտրոնի արգելված վայրերում կառուցվող բարձրահարկ շենքերի շինարարության թույլտվությունները հո սիրուն աչքերի համա՞ր չէին տալիս… Իսկ երբ Փաշինյանին ուղիղ հարց էինք տալիս, պատասխանում էր. «Դուք ներդրում ուզո՞ւմ եք…»: Իսկ նախկինում նա ինչպե՞ս էր արտահայտվում հողահատկացումների ու շինթույլտվությունների դեմ…
- Ասֆալտապատում՝ գումար աշխատելու ամենաձեռնտու միջոցը, պրոֆեսիոնալ կոռուպցիոն մեթոդ՝ ասֆալտապատում են փողոցը, որը մեկ սեզոն անց քանդվում է…
- Սպորտի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան այսօր, որոնք բարձրացրել եմ դեռևս 2 տարի առաջ, երբ պատգամավոր էի:
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ընտրությունների ամբողջությամբ կեղծված կարգ, այս բոլոր խնդիրները բարձրացրել եմ մինչև 2020 թվականի սեպտեմբերը՝ մինչև իմ հրաժարականը: Այսօր, երբ երկիրը կործանվում է, այն, ինչ անում են տարբեր բնագավառներում՝ ինձ արդեն քիչ է հետաքրքրում:
- Փաշինյանը կփորձի արյուն թափել հանուն իր աթոռի, նա ապացուցված ստախոս է, ասել եմ, հաստատում եմ, և այսօր ինքն ու իր քաղաքական թիմը կարմիր գծեր են հատել, հայրենիքն են կործանել, երկրի տարածքն են փոքրացրել: Պաշտոնական տվյալներով 4000 զոհի ու 10.000 վիրավորի մեղավորն է Փաշինյանը և դա խոստովանեց վերջերս խորհրդարանում:
- 2020-ի սեպտեմբերի 6-ին կամ 7-ին ուղիղ հարց տվեցինք Փաշինյանին՝ «Հնարավո՞ր է պատերազմ լինի, ասաց՝ էնքան է հնարավոր, ինչքան վերջին 25 տարվա ընթացքում»: Այնինչ զինվորականները և ինքը սեպտեմբերի սկզբից իմացել են պատերազմի մասին: