«Ուղերձդ տեսնելիս՝ լացս գալիս է, ես ամաչում եմ, որ քեզ պես պետության ղեկավար ունեմ». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ գործող իշխանությունը շատ փոքր է, որ կարողանա մի ամբողջ ազգից խլել Մայիսի 9-ի եռատոնը:

«Կարող են ոչ թե խլել տոն, այլ՝ տրամադրություն, միջավայր… տոնը մեր ազգի որդիների արյամբ է կերտվել այնպես, ինչպես Մայիսի 28-ը: Հարցի մյուս կողմն է, որ տոնն այդքան էլ տոն չի հիշեցնում, բայց պատմական փաստ է, որ վեցդարյա գերությունից հետո մենք կարողացանք Հայաստանում 1918թ. պետություն ստեղծել, հետո 70 տարի անց անկախություն վերակերտել և այն իմաստավորել միակ բերդաքաղաքի ազատագրմամբ: Դա պատմական փաստ է, և չեմ կարող ո՛չ ես, ո՛չ ինձ նման միլիոնավոր մարդիկ ժխտել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Ջենեսիս Արմենիա»-ն Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած շարժման առաջին օրվանից իր վրանն է դրել այնտեղ, և ըստ կառույցի ղեկավարի՝ փորձում են քաղաքացիներին լուսավորել, բաց քննարկումների միջոցով ներկայացնել էքզիստենցիալ գոյությանը սպառնացող վտանգները. «Մենք հիմա պետության անվտանգության լրջագույն մարտահրավերների առջև ենք կանգնած, մենք խոսում ենք այդ խնդիրների մասին, իսկ իշխանությունը փորձում է դա ուրիշ դաշտ տեղափոխել: Երկրորդ՝ մենք կտրված ենք իրականությունից, այստեղ կարող է օգտվել բացառապես երրորդ ուժը՝ թշնամին: Ես չգիտեմ՝ ընդդիմությունն արդյոք կգնա՞ կոնսենսուսի և երկրորդ անգամ կմտնի միևնույն գետը՝ անելով նույն սխալը, ինչ 2021թ., երբ մասնակցեց ընտրությունների և լեգիտիմացրեց այս իշխանություններին, թե՞ ոչ, բայց մարդկանց մեծ մասի համար պարզ է մեկ բան՝ այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետև տապալել է պետության կառավարումը: Շատ կարևոր է, որ ընդդիմությունն ինքն էլ կարողանա քաղաքական մեսիջինգը ճիշտ տեղ հասցնել: Երբ դու անընդհատ ասում ես, որ այս իշխանությունը դավաճան է կամ չգիտեմ՝ ինչ է, մարդկանց պետք է բացատրել, թե ինչու է տապալվել պետությունը, մեր խնդիրն է արդյոք միայն Նիկոլին հեռացնե՞լը, թե՞ ոչ. խնդիրը նիկոլիզմը թաղելն է»:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեռ չի ներկայացրել ամբողջական ձևաչափ, որը մագնիսի պես կձգի նաև հասարակության այն շերտերին, որոնք դժգոհ են ներկա իշխանությունից և այնքան էլ ոգևորված չեն նախկին իշխանությունների վերադարձի փորձով. «Այդ սեգմենտը բավական մեծ սեգմենտ է, Երևանում նրանք գնահատվում են 400-500 հազար. Ընդդիմության խնդիրը պետք է լինի հենց այդ հատվածի վրա աշխատելը: Մեխանիզմները կան, սխեմաները գծել ենք, ներկայացրել ենք, պետք է կարողանան դա անել: Եթե քաղաքական ուժ ես, ստանձնել ես պատասխանատվություն, քեզ համար չպետք է լինի ո՛չ-ը»:

Անդրադառնալով Մայիսի 9-ի առիթով Փաշինյանի ուղերձին՝ նա ընդգծեց. «Դու պետության ղեկավար ես, ուղերձդ տեսնելիս՝ լացս գալիս է, ես ամաչում եմ, որ քեզ պես պետության ղեկավար ունեմ: Դու այնքան քինախնդիր, այնքան գոռոզամիտ մարդ ես, ոչ չես կարողանում տարբերակել իշխանությունն ու պետությունը, դու խլեցիր տոնական տրամադրությունը ժողովրդից, դու, ավելին՝ պատերազմից հետո այս ընկած ժողովրդին հարվածում ես անընդհատ մեջքին: Ի՞նչ է նշականում՝ կանգնել-ասել՝ դա մեր մեղքը չէ: Այ մարդ, դու այս պատերազմը հրահրեցիր, և խոստովանել ես դա, դատախազությունը թող վարույթ ընդունի, թող գործ հարուցեն պետական դավաճանության մասին ինքնախոստովանական ցուցմունքով:

Երբ դու 4000 տղու գլուխ ուտելով՝ փորձում ես լեգիտիմացնել տարածքները զիջելու ֆակտորը, դու պետք է կանգնես դատաստանի առջև: Հետո քեզ ասոցացնում ես Քրիստոսի հետ, սրան ես մեղադրում, Իրանի հետ դիվանագիտություն ես քանդում, ամբողջ փազլն ես քանդել՝ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ, խաղադրույք ես կատարել ուկրաինական պատերազմում Արևմուտքի հաղթանակի վրա, որը քեզ հնարավորություն կտա հանդես գալ՝ որպես պրոարևմտյան ուժ, և այդ պրոարևմտյան ուժը այստեղ չի կարողանալու որևէ բան անել: Պետք է ավելի շատ վախենալ ոչ թե Ռուսաստանի ռազմական գործողությունների ձախողումից Ուկրաինայում, այլ ընդհանրապես այն մտքից, որ Ռուսաստանը կարող է պարտվել ժամանակակից աշխարհում:

Նայեք վերջերս ՆԱՏՕ-ի զորակազմի հրամանատարի Իրաքում խոստովանական ցուցմունքները՝ իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերի իրականացրած գործողությունների մասին, և թե ինչ ասաց նա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված. Շատ պարզ ասաց հետևյալը՝ Ռուսաստանը եթե որոշի Ուկրաինան ոչնչացնել, ընդամենը մի քանի ժամ կպահանջվի իրենից, և սա ընդամենը ռազմական գործողություն է: Ասել կուզի, որ եթե Ռուսաստանի և Արևմուտքի միջև չլինի կոնսենսուս այս տարածաշրջանում՝ ամերիկյան և ռուսական գոտիների վերաբաշխման, ոչ մի իշխանություն Հայաստանում ի վիճակի չէ ինքնուրույն այդ խնդիրը լուծել: Այստեղ է, որ այս իշխանությունը տապալվել է, և այստեղ է, որ ընդդիմությունը չի կարողանում կամ հիմա չի ուզում մարդկանց ճիշտ ներկայացնել»:

Աբրահամ Գասպարյանը կարևոր մանրամասներ ներկայացրեց ապրիլին Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման մի դրվագի վերաբերյալ. «Շատ կարևոր մի բան ասեմ. գիտե՞ք՝ Բրյուսելում ապրիլի 6-ին սույն անձնավորությունը ինչպիսի հակառուսական  խոսքեր է ասել, և այդ ամբողջը հենց Ալիևը փոխանցել է անձամբ Ռուսաստանին: Դրան հաջորդեց Ռուսաստանի կտրուկ արձագանքը՝ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ: Ես հիմա փակագծերը չեմ բացելու, որովհետև այդ ինֆորմացիային տիրապետում է շատ քիչ քանակի մարդ, բայց նա այստեղ մի բան է խոսում, Բրյուսելում՝ այլ, Մոսկվայում՝ մեկ այլ: Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ փահլևանություն, իսկ փահլևաններին չեն հարգում…»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս