Զինանոցով հարուստ Թուրքիան Հայաստանի դեմ նոր ճակատ է բացում. Ռուբեն Մելքոնյան

Մայիսի 3-ին հերթական անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հերթական՝ 3-րդ հանդիպումը, որի ավարտին երկու կողմերը պաշտոնական հայտարարություններով վերահաստատեցին՝ գնում են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով։

Այս պաշտոնական հայտարարությունից զատ՝ հայ հանրությանը պաշտոնապես որևէ պարզաբանում, հստակ տեղեկություն դեռ չի տրվել, թե մասնավորապես ի՞նչ են քննարկել կողմերը, ինչը, ըստ վերլուծական շրջանակների, կարող է հիմք տալ պնդելու՝ հերթական անգամ գործ ունենք ժողովրդի թիկունքում փակ օրակարգի ու քողարկված բանակցային բովանդակության հետ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-թուրքական օրակարգն ամեն գնով հաստատելու՝ ՀՀ իշխանությունների ատանձնած պատրաստակամությանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում էլ դրանք շարունակելու են մնալ կոնֆլիկտային, որովհետև հայատյացությունը Թուրքիայում դրված է պետական մակարդակի վրա, իսկ ինչ վերաբերում է առանց նախապայմանների բանակցելու մասին խոստումներին՝ ապա նախապայմանները կան, ու դրա ապացույցներից մեկն էլ հայկական ավիաընկերության համար Թուրքիայի օդային տարածքը փակելու որոշումն էր՝ որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու մեխանիզմ։

«Ուստի, եթե ՀՀ իշխանությունն այս ոճով հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ, ապա օդային տարածքը փակելու ոճի արձագանքները, որոնք Թուրքիայի համար ճնշման գործիք են, շարունակական են լինելու, իսկ դա հենց թուրքական էքսպանսիան է»,- ասաց թուրքագետը՝ ընդգծելով՝ սա է թուրքական բարեկամության ոճը։

Ամբողջ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել ցանկացող Թուրքիան, ըստ Մելքոնյանի, հիմա ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, որովհետև Հայաստանը հիմա պատրաստ է զիջել այն կարմիր գծերը, որոնք չեն զիջել 30 տարիների ընթացքում Հայաստանի որևէ իշխանություն, իսկ քանի որ չեն զիջել, Թուրքիային էլ որևէ բանակցություն Հայաստանի հետ պետք չէր։

«Այ, հիմա պետք է. պետք է, որովհետև կարող է պարտադրել իր կամքը։ Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան հիմա՝ այս փուլում, առաջարկում է Հայաստանի հետ հայ-թուրքական սահմանների վերասահմանագծում անել, օրինակ՝ գետերի հուներ փոխել և այլն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է վերջնարդյունքում ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարսի պայմանագիրը, ինչը Թուրքիայի հետ Հայաստանի առաջ դրված նախապայմաններից մեկն է ընդամենը։ Չգիտեմ՝ ՀՀ այս իշխանությունը Թուրքիայի այդ առաջարկն ինչ հիմնավորմամբ է մերժել, բայց վստահ եմ՝ դա ծառանալու է Հայաստանի առաջ։ Թուրքիան, սահմանների վերաձևավորման մասին խոսելով, ցույց է տալիս իր իրական նպատակները»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հիմա Հայաստանի իշխանություններից պահանջում է նաև մտնել որոշակիացման դաշտ։

«Թուրքիան Հայաստանի դեմ նոր ճակատ է բացում։ Թուրքական կողմը Հայաստանից պահանջում է մտնել կոնկրետացման դաշտ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար սկսվելու է դառը ժամանակաշրջան։ Հայաստանին թուրքական իշխանությունը պարտադրելու է այդ դաշտ մտնել, եթե չմտավ, ապա թուրքական զինանոցը շատ հարուստ է»,- խոսքը եզրափակեց թուրքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս