«Կարողացանք Արցախն ազատագրել, որովհետև երազանքը վերածեցինք խնդրի, իսկ խնդիրը ենթակա է իրականացման». Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանի խոսքով՝ այսօր ոչ թե Շուշիի ազատագրման մասին հիշողություններով կիսվելու օր է, այլ, ինչպես հրեաներն էին յուրաքանչյուր Նոր տարուն ասում՝ հաջորդ Նոր տարին նշենք Երուսաղեմում, այնպես էլ հայությունը ամեն օր պետք է ասի՝ հաջորդ տարին հոգևոր եռամիասնությամբ նշենք Ղազանչեցոցում, Դադիվանքում և Դիզափայտում։

«Հադրութ, Շուշի, Քարվաճառ՝ մեր հոգևոր վայրերը։ Կարևոր չէ, թե ինչ է եղել, հիմա կարևոր է, թե ինչ ծրագիր ունենք։ Մեր երազանքը պետք է խնդիր սարքենք և խնդիրը իբրև զինվորական՝ պետք է անպայման կատարենք։ Ո՛չ կարոտախտ ունեմ, ո՛չ էլ… ցավ, մահ ամեն ինչ ավարտվել է, այդ ամենը մենք ապրեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ավելի ճիշտ՝ 2018 թվականին։ Ես ու ինձ նման մտածող մարդիկ 2018 թվականին արդեն՝ ոչ այդքան դաժան, բայց աղետն արդեն պատկերացնում էինք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Գալստյանը։

Նա ընդգծում է՝ այսօր արդեն ոտքի կանգնելու, նորից հավաքվելու, ծրագրելու, երազանքը խնդրի վերածելու և այդ խնդիրն իրականացնելու ժամանակն է։

«Ու թող սա որևէ մեկի համար ֆանտաստիկա չթվա, որովհետև 1988 թվականին, երբ մենք ասում էինք, որ Արցախը, Շուշին պետք է ազատագրենք, բոլորին ֆանտաստիկա էր թվում, բայց ստացվեց, և ուրեմն՝ նորի՛ց է ստացվելու։ Մենք կարողացանք Արցախն ազատագրել, որովհետև երազանքը վերածեցինք խնդրի, իսկ խնդիրը ենթակա է իրականացման»,- հավելեց Ժ. Գալստյանը։

Ինչ վերաբերում է այս օրերին Հայաստանում ընթացող փողոցային պայքարին, Ժաննա Գալստյանը նկատեց՝ դրական է տրամադրված և ակնկալում է լավ արդյունք։

«Ինքս խորհրդանիշներով մտածող մարդ եմ, սիմվոլիկան ինձ համար մեծ նշանակություն ունի։ 2018 թվականին բոլորը ձեռքները բաց կանգնում էին վտանգի առջև՝ սկսած ոստիկաններից, հիմա փողոցում պայքարող մարդկանց ձեռքերը բռունցք է դարձել՝ 1988 թվականի բռունցքը, գիտեմ, որ հաղթանակ է լինելու։ Ժամանակը նշանակություն չունի, լավ եմ տրամադրված, լավ է լինելու։ Կարևորը՝ ժողովուրդը բռունցքվել է, հասկացել են, որ բռունցքները պետք է վերև լինի, որովհետև ցրված ազգը միշտ պետք է բռունցքվի, քանի որ բռունցքը միասնություն է, ուժ է, նպատակասլացություն է»,- եզրափակեց Ժաննա Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս