Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը ոչնչացրել կամ վանդալիզմի է ենթարկել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների մեծ մասը. Բեգլարյան

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Արցախում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը:

24 արցախցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով Շուշիից Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը կրկնակի արժանացան այդ կոչմանը: Յոթ արցախցիներ դարձան բոլոր երեք աստիճանների Փառքի շքանշանի ասպետ: 1943 թվականին Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը դարձավ նաև ղարաբաղցի, ծնունդով Ներքին Սզնեք գյուղից Գևորգ Իսրայելյանը (Փառքի շքանշանի լրիվ ասպետ դարձավ 1945 թվականի մարտին):

Սակայն, 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայից հետո և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ՝ նույն թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներով 5000 հայկական հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների), մնացին Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել »,- գրել է Բեգլարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս