Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը հանդես է եկել Երևանում
Առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել «Գրեմմիի» մրցանակակիր, ջութակահար Ջոշուա Բելը: Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Բելի կատարմամբ հնչել է Բեթհովենի Ջութակի կոնցերը, երկրորդ բաժնում՝ Բեթհովենի թիվ 3 սիմֆոնիան:
Համերգը կայացել է մայիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Մոտ չորս տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում ջութակահար Ջոշուա Բելը դարձել է մեր դարաշրջանի ամենահայտնի արտիստներից։ Նա իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011 թվականին Ջոշուա Բելը դարձել է Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը: Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ` արժանանալով հեղինակավոր «Գրեմմի» և այլ մրցանակների։ 2013-ին Academy of St Martin in the Fields նվագախումբը Բելի ղեկավարությամբ առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը բիլբորդի ցանկում գրավել է առաջին հորիզոնականը:
Բելը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների՝ Ռենե Ֆլեմինգի, Սթինգի, Ջոշ Գրոբանի, Չիկ Կորեայի, Բրանդֆորդ Մարսալիսի, Էդգար Մեյերի և այլոց հետ: Նա հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ:
Բելը նվագում է 1713 թվականին ստեղծված Ստրադիվարիուսի ջութակով և 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղով: