«Շատերն ուզում են անհոգ ապրել, ու ինչ-որ մեկը Շուշին մեզ տա». Արկադի Կարապետյան
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 1992 թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի: Շոշից էր սկսվում գրոհի արևելյան ուղղությունը, որը ղեկավարում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
Արդյոք մեզ հնարավորություն կտրվի՞ Եռատոնի խորհուրդը վերականգնել, արդյոք կկարողանա՞նք վերաազատագրել Շուշին՝ այս հարցերի պատասխանները 168.am-ը լսեց գնդապետ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանից (Ագո):
Հրամանատարը պատասխանից առաջ նկատեց՝ հարցը պետք է վերաձևակերպել, քանի որ լեզվամտածողությունն է պահանջում. «Դուք ասում եք՝ նորից կտրվի՞ հնարավորություն, մինչդեռ այդ հնարավորությունը մենք պետք է ստեղծենք. մեզ ոչ ոք չի տալու: Մենք պետք է ձգտենք, անենք, իսկ որոշում կայացնողն Աստված է»:
Արկադի Կարապետյանի կարծիքով՝ այս պահին հայ ժողովուրդը ճգնաժամի մեջ է, որը հնարավորություն կտա նորովի արժևորել պատմությունը, իրողությունները, վերագնահատել արվածը:
«Ճգնաժամը ճգնելու ժամն է. այժմ ճգնելու ժամ է, սակայն չենք ճգնում՝ շատերն ուզում են անհոգ ապրել, ու ինչ-որ մեկը Շուշին մեզ տա. ոչ ոք չի՛ տալու:
Մենք պետք է հասկանանք՝ որն է մեր առաքելությունը, նպատակը, խնդիրը»,- նշեց նա՝ նկատելով, որ անհրաժեշտ է գաղափարախոսություն:
Հարցին՝ արդյո՞ք այն շարժումը, որը ձևավորվել է այսօր Հայաստանում, կորցրածը հետ բերելու հնարավորություններից մեկն է, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Դա էլ ինչ-որ քայլ է, բայց այդտեղ ահագին բան պետք է մաքրվի: Առհասարակ, մեր հասարակությունն իրեն պետք է վերանայի:
Այդ շարժման մեջ շատ մարդիկ կան, որոնք լավ բան են ուզում, և այդ ուզելը հենց այնպես չի անցնելու: Մենք առաքելություն ունենք այս աշխարհում. հենց այնպես ազգ չենք»: