Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը
Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին դեմ է արտահայտվել Ուկրաինայի Զինված ուժերին ֆինանսավորելուն և վերազինելուն և կոչ է արել Եվրամիությանը չտրվել ԱՄՆ-ի առևտրային շահերին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչի հայտարարությունը։
«Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ, կարծում եմ, որ պետք է դադարեցնել դա (ուկրաինական բանակին զինելը)»,- նշել է նա։
«Այսօր ֆրանսիական դիվանագիտությունը չի կարող առաջնորդվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, ի՞նչ դիվանագիտություն ունենք․ զենք տալ ուկրաինացիներին, և ի՞նչ ենք ակնկալում այս պարագայում, որ նրանց սպանեն մինչև վերջ, և հետո, հավանաբար, Բայդենը եվրոպացիներին այնտեղ կուղարկի»,- հավելել է Մարիանին։
Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է պարգևատրվի ամերիկյան զենքի, նավթի և COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը խրախուսելու իր քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։