Մեր աղոթքն է, որպեսզի խաղաղություն լինի աշխարհում ու մարդկության կյանքում․ Գարեգին Բ-ի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին: Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, չեն վերադարձել գերությունից մեր զավակները, տեղեկություն չունենք անհայտ կորածների վերաբերյալ, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց զավակների կամ ծնողների: Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին։

Սիրելիներ, ազգիս դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար մղված պայքարները, որոնց նշանավորումն է այսօր, խորհրդանիշն են համազգային համախմբվածության ու միաբանության, որոնք առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում, որպեսզի միասնաբար դիմագրավենք հառնած հիմնախնդիրներին և կերտենք վաղվա նոր օրը, լուսավոր ապագան և մեր նոր հաղթանակները։

Մեր աղոթքն է, որպեսզի խաղաղություն լինի աշխարհում ու մարդկության կյանքում, և հարուցյալ մեր Տերը Իր Ամենազոր Աջի հովանու ներքո շինության ու ապահովության մեջ պահի մեր Հայրենիքը և զորացնի համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին արիությամբ, հույսով ու հավատով, այժմ և միշտ. ամեն», – ասված է ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս