Ռուսաստանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին

Չնայած ուկրաինական ճակատում մղվող պատերազմին ու մեդիափորձագիտական շրջանակների զբաղվածությանը, Ռուսաստանի մեդիաքաղաքական դաշտն ուշի ուշով հետևում է ՀՀ ներքաղաքական կյանքում ծավալվող իրադարձություններին։

Ռուսական որոշ ԶԼՄ-ներ չեն սահմանափակվում հայկական ԶԼՄ-ների նյութերն արտատպելով, այլ լրագրողական թիմեր են ուղարկել Երևան և ամենօրյա ռեժիմով աշխատում են տեղում՝ երևանյան փողոցներում։

Որոշ հեղինակավոր ԶԼՄ-ներ նաև վերլուծական հոդվածներ են հրապարակում՝ քննարկելով, թե ինչի կհանգեցնեն բողոքի մասշտաբային ցույցերը Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն աննկատ չեն անցել նաև Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ-ի համար։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում անկայունության շրջանը հնարավորինս շուտ ավարտվի։

Նա նաև ընդգծել է, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետության ներքին գործն է։ Ըստ Պեսկովի, ՀՀ-ն ՌԴ դաշնակիցն է, ինտեգրացիոն ձևաչափերի գործընկերը, մեծ բարեկամը։

«Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում ավարտվի ծանր շրջանը և վերադառնա կայունությունը, ինչը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևն էլ ասել է, որ դա Հայաստանի ներքին գործն է, և հավելել, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում։

«Ելնում ենք նրանից, որ երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում: Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին է»,- ասել է Զայցևը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը մշտապես հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ակտիվ աջակցելուն, առաջին հերթին՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով:

168am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին ու ՌԴ դիրքավորմանն այս իրավիճակի հարցում, ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ, բնականաբար, հայկական թեմատիկան հատկապես այն փուլում, երբ ՌԴ-ն ունի եռակողմ ձևաչափով պայմանավորվածություններ, անտեսված չէ Ռուսաստանում։ Սակայն, ըստ նրա, պետք է նաև հաշվի առնել, որ Ռուսաստանի խնդիրներն այնքան շատ են, որ որոշ զարգացումներ այլևս չեն կարող այն ինտենսիվ ուշադրությանն արժանանալ, ինչ նախկինում։

Բայց փորձագետը գտնում է, որ Ռուսաստանում նույնիսկ չեն կարող չհետևել այդ ամենին, քանի որ ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության շարունակությունն է, որն էլ իր հերթին՝ այս կամ այն կերպ կապ ունի Ռուսաստանի հետ, որն այս պահին աշխարհում իր համար հարցեր է փորձում լուծել։

Ռուս քաղաքագետի խոսքով, Ռուսաստանում, կարծես, մեծ անհանգստություններ չկան, Հայաստանում քաղաքական ուժերի մեծ մասն իրենց դիրքավորում են՝ որպես ռուսամետ, ինչը Ռուսաստանի համար քիչ թե շատ կանխատեսելի է դարձնում իրավիճակը։

Նրա դիտարկումների համաձայն, Ռուսաստանի համար կարևորը հենց այս հանգամանքն է, գուցե այլ իրավիճակի պարագայում այլ վերաբերմունքի ականատեսը լինեինք։

«Կարծում եմ՝ հասկանալի է նաև, որ Ռուսաստանը չի միջամտում ներքին քաղաքականությանը, չի աջակցում որևէ ուժի։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ է, քանի որ հակառակ ցանկացած պահվածք հատկապես այս փուլում ոչ միայն սխալ կլինի, այլև  չափազանց շատ է մանիպուլյացվելու։ Հիմա Ռուսաստանի ցանկացած քայլ խոշորացույցի տակ է, Ռուսաստանը լիովին կլանված է ուկրաինական օրակարգով, իսկ մնացած գոտիներում պահպանում է աշխարհաքաղաքական դիրքերը, քանի դեռ Ուկրաինայում և ավելի լայն կոնտեքստում, այս գերբարդ խաղում վերջնարդյունքներ չկան։ Ռուսաստանն իր առջև գլոբալ խնդիրներ է դրել, և դեռ գլխավորը Ռուսաստանի համար սա է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս