Ավտոճանապարհը փակելու ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախնական տվյալներով, Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի կողմից հաղորդում է ստացվել՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Երանոս գյուղի մոտ իր համագյուղացու և վերջինիս եղբոր հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ:
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, մայիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մարտունի-Սևան ավտոճանապարհի Երանոս բնակավայրի հատվածում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացնելու նպատակով փակել են ավտոճանապարհը:
Այդ ժամանակ ճանապարհ բացելու պահանջով՝ վիճաբանություն է առաջացել հարազատներին դիմավորելու նպատակով այդ պահին Երևան մեկնող՝ Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի և համագյուղացու միջև, որն ուղեկցվել է ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքներով ու հայհոյանքներով: Վեճին միջամտել է նաև հիշյալ համագյուղացու եղբայրը, ով գլխով հարվածել է վարչական ղեկավարի դեմքին՝ պատճառելով «քթոսկրի սալջարդ»:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և ընդունել վարույթ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են ահնրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: