Կարգավիճակի հարցն այլ տարբերակով քննարկելու հնարավորություն կա ապագայում․ Տարասովը՝ ներքաղաքական իրավիճակի ու Արցախի կարգավիճակի հարցի շուրջ

«Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրում հայ ժողովուրդը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելու հետևանքով»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։

Տարասովն ասաց, որ իրենց կարծիքով՝ ընդդիմության շարժումը չի հասել կրիտիկական մասնակցության, բայց ներկայումս դինամիկան ավելի ակտիվ է։ Սակայն, ըստ նրա, կա նաև նախորդ փորձը, երբ շարժումն արգելակվում էր՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։

«Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե որքան երկար կընթանա այս շարժումը, և որքան ամուր կկանգնի ընդդիմությունը։ Մյուս կարևոր հանգամանքը, որ Մոսկվան չեզոք է դիրքավորված, որևէ արշավ չի իրականացվում ո՛չ ի աջակցություն Փաշինյանի, ո՛չ ընդդեմ Փաշինյանի։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրում հայ ժողովուրդը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելու հետևանքով, և գտնում ենք, որ այդ պարտության ողջ պատասխանատվությունը կրում է Փաշինյանի կառավարությունը։ Մենք դա գիտենք, ու մեզ մոտ այդ մասին խոսվում է հրապարակային։ Մյուս կողմից՝ կան որոշակի պայմանավորվածություններ Փաշինյանի հետ՝ անկախ նրանից, թե ինչ է պատահել, խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին է, որի շրջանակում պետք է տեղի ունենա տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Այսինքն՝ սրանք են այն իրողությունները, որոնց հետ գործ ունեն հայ-ռուսական հարաբերություններն այսօր»,- նկատեց նա։

Տարասովը նաև նշեց, որ Փաշինյանը ներկայումս խոսելով նշաձողից՝ արտասովոր բան չի ասել, նա նշել է իրերի այն դասավորության մասին, որը կա պատերազմից հետո, իսկ այդ իրականությունը հետևյալն է, որ պատերազմի ընթացքում Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրանով նրանք ճանաչեցին Ղարաբաղը Ադրբեջանի մաս։

«Ֆորմալ առումով նրանք հայտարարում են, խոսում են Ղարաբաղի հարցից, սակայն ստացվում է, որ Ղարաբաղի հարցը այլևս Ադրբեջանի հարցն է, Ադրբեջանի ու Ռուսաստանի, և այդ հարցը կարող է լուծվել առանց Երևանի մասնակցության, քանի որ իրավիճակն այդպիսին է։ Հասկանում եմ, որ հայերի համար ցավալի է․․․ ինչ ժառանգություն էր ստացել Փաշինյանը, և ինչպես նա վարվեց պետության հետ, սա հայերի ներքին գործն է, մենք չենք ցանկանում ապակայունացում, թող Հայաստանում բանականությունը հաղթի։ Իրավիճակը փոխելը բարդ է, ի՞նչ է՝ պետք է պատերազմ սկսել, հիմա Հայաստանը պետք է ամրապնդի իր պետությունն ու պետականությունը, բայց այս տղաները, ցավոք սրտի, դա անել չեն կարող։ Պարադոքսալ իրավիճակ ստացվեց՝ պարտվելով պատերազմում՝ հաղթեցին ընտրություններում։ Այսպիսի բան չի լինում ոչ մի տեղ»,- ասաց «Ռեգնում»-ի սյունակագիր Տարասովը։

Նա նաև նշեց, որ ՌԴ-ն համարում է՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, այդ մասին ասվում է պաշտոնապես։ «Սակայն հարցը հետագայում կարգավորման տեխնոլոգիան է, թե ինչպես, ինչ հիմունքներով, ինչ ձևաչափում է այն կարգավորվելու։ Այս հարցը բաց է մնում։ Այս հարցի շուրջ շատ գործոններ կան, այդ թվում՝ ՄԽ համանախագահ երկրների քաղաքականությունը, Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքականությունը, Հայաստանը։ Փաշինյանը տեսնում է մեկ կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, թեև նա ուներ հնարավորություններ, սակայն պարտվեց պատերազմում, ու հետագան արդեն տեսանք։ Սակայն Ռուսաստանը հայերի մեջքի ետևում ոչինչ չի անի, կա հնարավորություն քննարկելու կարգավիճակի հարցը։ Ես չեմ ուզում դիտարկվել, որ աջակցում եմ ընդդիմությանը, մենք չեզոք ենք։ Կարծում ենք, որ հայերն իրենք պետք է լուծեն իրենց ներքին խնդիրները։ Ապագայում կա հնարավորություն քննարկելու կարգավիճակի հարցն այլ տարբերակով։ Ներկայումս Մոսկվան չի ցանկանում, որ Փաշինյանը նշի, թե ունի Կրեմլի աջակցությունը, կամ դա անի ընդդիմությունը»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս