«Արցախի պաշտոնական դիրքորոշումը սա է՝ չեզոքության պահպանում». Արցախի նախագահի խոսնակ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ Արցախի իշխանության պասիվությանը։

«Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների և հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների և մասնավորապես ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ: Կարելի է փաստել, որ Արցախի համար մղվող պայքարում այսօր Հայաստանում բացվել է երկրորդ ճակատ, և դրան մասնակից, աջակից չդառնալով` Արցախի նախագահն ու պասիվ մյուս իշխանավորներն ուղղակի դասալիքների և պաշտոններից կառչած կամակատարների են վերածվում:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը և մյուսները գիտակցում են, թե ինչ կլինի վաղն Արցախի հետ, եթե այս շարժումը դադարի, թե՞ պատկերացնում են, որ սա միայն ներհայաստանյան խնդիր է: Եթե այդպես են մտածում, այդպես են ուզում, ուրեմն առնվազն անազնիվ են հայաստանցիների ու Սփյուռքի նկատմամբ: Նրանք այստեղ ու այնտեղ կարծիք են հայտնում, թե իբր չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ դեպքում ինչո՞ւ էին հանդուրժում, մարտի կանչում մեր հազարավոր տղաներին. Չէ՞ որ Արցախ գնալով` նրանք, ըստ էության, խառնվում էին իրենց ներքին գործերին»,- նշված էր հայտարարության մեջ:

168.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ստեփանակերտը։

Լուսինե Ավանեսյանը մասնավորապես պատասխանեց. «Երևանում ընթացող բողոքի ակցիաները և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները որևէ կերպ չենք մեկնաբանում և պահպանում ենք չեզոքություն։ Արցախի պաշտոնական դիրքորոշումը սա է՝ չեզոքության պահպանում»։

Հարցին՝ չեզոքության պահպանումն ինչո՞վ է պայմանավորված՝ Լուսինե Ավանեսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին անհրաժեշտություն չկա մանրամասներ ներկայացնել»։

Նշենք, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախը շունչը պահած հետևում է՝ Երևանի կենտրոնում, իսկ երեկվանից՝ մայրաքաղաքի ծայրամասերում, ապա և՝ Հայաստանի մարզերում ժամ առ ժամ թափ առնող շարժմանը:

«Ովքեր մասնակցել են 88թ. երթերին ու միտինգներին, կարող են վկայել, որ բազմաթիվ նմանություններով այսօրվա համաժողովրդական շարժումը շարունակությունն է 34 տարի առաջ սկիզբ առած ազգային զարթոնքի:

Այդ ընդհանրությունների մեջ մի տհաճ կետ էլ կա. անցած դարի իրադարձությունների ընթացքում Արցախի ազատության համար պայքարի ելածներին առևանգում, ծեծում, բանտարկում էին մեր հարևան բարբարոսները, իսկ այսօր Մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են»… ամոթ էլ է ասելը, թե ում:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 30 տարի առաջ հենց այս օրերին վերջապես ազատագրված հայոց Շուշին, որ արցախյան ազատամարտի հերոսապատման էջը բացեց, քսանութ տարի անց որևէ մեկը (իսկ այդ մեկը իրեն իրավունք էր վերապահում խրատներ կարդալ ազգի գլխին) «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ հայոց արևելից կողմաց բերդաքաղաքը: Սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը:

1991թ. անկախության հռչակումից ի վեր, մինչև 2018թ., Հայաստանի բոլոր ղեկավարները հեղինակություն են եղել հայության երեք հատվածների՝ Մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար: Ազգը տեր ուներ և ամաչելու պատճառ չուներ: Հատուկ տաղանդ էր պետք այս ամենը հիմնովին քանդելու համար:

Ոչ ոք իրավունք չունի մեր ազգից խլել մայիսյան Եռատոնի բերկրանքն ու խորհուրդը»,- գրել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031