Երբ բախվում են կլանային և համազգային շահերը. Ինչո՞ւ է լռում Վահագն Խաչատուրյանը
Երկրորդ օրն է՝ փորձում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մամուլի խոսնակ Թագուհի Հովհաննիսյանից ստանալ ընդամենը մեկ հարցի պատասխան՝ նախագահի կողմից լինելո՞ւ է արդյոք դատապարտում կամ որևէ արձագանք վերջին օրերի ընթացքում ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների կողմից ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ և բռնի ուժ կիրառելու վերաբերյալ:
Երեկ Թագուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ձևական կողմն ապահովելու համար առաջարկեց մեր հարցերը գրավոր ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժին, սակայն մեր պնդումներից հետո, որ այդ դեպքում պատասխան ստանալու համար կարող է պահանջվել մինչև 5 աշխատանքային օր, մամուլի խոսնակը խոստացավ 1 ժամվա ընթացքում տեղեկանալ, հետո մեզ փոխանցել նախագահի տրամադրվածության մասին:
Օրվա վերջում Թագուհի Հովհաննիսյանը կրկին զանգահարեց ու տեղեկացրեց, որ նախագահը խորհրդակցություն է անցկացնում, և խնդրեց սպասել ևս կես ժամ, սակայն ոչ երեկ, ոչ էլ այսօր մեր հարցի պատասխանն այդպես էլ չստացանք: Այսօր արդեն Վահագն Խաչատուրյանի մամուլի խոսնակ Թագուհի Հովհաննիսյանին մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:
Վահագն Խաչատուրյանը, ի դեպ, առանց որևէ հարցումների էլ արդեն իսկ պետք է առնվազն հայտարարությամբ հանդես եկած լիներ:
Թերևս, կարելի է ենթադրել, որ Վահագն Խաչատուրյանը երեկվանից մինչ օրս ինչ խորհրդակցությունների մեջ է, կամ խորհրդակցում է, թե Սահմանադրությունը պահպանելով՝ ինչպես կատարի նաև Նիկոլ Փաշինյանի ցուցումները, կամ էլ պարզապես խուսափում է գնահատական տալ Փաշինյանի և նրա թիմի կողմից խրախուսվող ուժային կառույցների բռնություններին, անհամաչափ գործողություններին:
Ի վերջո, իշխող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, արդեն քանի օր է՝ միմյանց հերթ չտալով՝ գովասանքի խոսքեր են շռայլում բռնություն գործադրող ոստիկաններին, հատուկ ջոկատայիններին: Նախօրեին Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»: Իրար հերթ չտալով՝ Ֆեյսբուքում գրառումների ֆլեշմոբ են անցկացնում՝ ողջունելով ուժային կառույցների ներկայացուցիչների բռնության ձեռագիրը: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում երկու օր առաջ շնորհակալություն էր հայտնել ՀՀ ոստիկանությանը և նրանց գործունեությունը «գովեստի արժանի» որակել։
«…Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»,- գրել էր Անդրանիկ Քոչարյանը:
Եվ սա՝ այն դեպքում, երբ ոստիկանների բռնությունների մասին պատմող տեսանյութերով լի է համացանցը: Ավելին, նույնիսկ ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական կառույցների որոշ ներկայացուցիչներ, մեր հարցերին ի պատասխան՝ դատապարտեցին լրագրողների, քաղաքացիների դեմ կոշտ գործողությունները: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել էր Ոստիկանության ծառայողների, այդ թվում՝ նաև ՊՊԾ պետի գործողողությունները տեսանկարահանող օպերատորին, հրել էր լրագրողի միկրոֆոնը, իսկ նրան ուղեկցող երիտասարդներից մեկն էլ հրել էր օպերատորին: Այս գործողություններից հետո Սարգիս Հովհաննիսյանը քաշքշել ու ոտքով հարվածել էր օպերատորին: ՊՊԾ պետը նաև սպառնացել էր ակցիայի մասնակիցներից մեկին, որը փորձել էր սթափեցնել ՊՊԾ քացի տված պետին: «Քեզ խելոք պահի, բերանդ…»,- ասել էր Հովհաննիսյանը։
Ինչո՞ւ այս ամենը կրկին հիշեցրեցրինք. Վահագն Խաչատուրյանի նախագահի պաշտոնում նշանակվելու հարցում ամենամեծ դերակատարումն են ունեցել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմի անդամ, օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, Անդրանիկ Քոչարյանը: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին նոր էր ճանաչում: Որքան էլ որ Վահագն Խաչատուրյանը դարձավ Խաչատուրյան, միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանը նրան առնվազն 2 տասնյակ տարի գիտի: Պարզապես նախագահի պաշտոնի համար Խաչատուր Սուքիասյանը, Անդրանիկ Քոչարյանը նպատակասլաց աշխատեցին (սկզբում նախարարի պաշտոնում նշանակելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Խաչատուրյանը Սուքիասյանների «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի անդամ էր):
Այսքանից հետո, իհարկե, Վահագն Խաչատուրյանը պետք է լռություն պահպանի:
Ի գիտություն Վահագն Խաչատուրյանի. ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հետևաբար, նա ոչ թե պետք է լռի, այլ հենց համապետական և համազգային շահերով առաջնորդվելով՝ պետք է արձագանքի և անաչառ հայտարարությամբ հանդես գա, դիմի ժողովրդին:
ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ



