Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում

Պաշտոնական Երևանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը: Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով ժամանել է Հայաստան:

Արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար:

Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները և վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Իր հերթին փոխնախարար Տարո Հոնդան ասել է, որ իր այցը նպատակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը և գոհունակություն է հայտնել «Օսակա 2025» միջազգային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության հաստատման վերաբերյալ։ Նա վերահաստատել է Ճապոնիայի դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարևորելով կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում հայ-ճապոնական համագործակցությանը, կարևորվել են հետագա մշակութային փոխանակումները, համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս