«Հարց՝ իշխանությունը մեր բնակչության քանի՞ տոկոսն է համարում ժողովուրդ». Բելլա Լալայան
Ապրիլի 17-ից Երևանում, այնուհետև՝ ՀՀ տարբեր մարզերում մեկնարկել են անժամկետ բողոքի ակցիաներ՝ իշխանության հրաժարականի պահանջով։ Բողոքի ակցիայի շրջանակներում այս պահին փակ է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ մայիսի 1-ից սկսած տեղի են ունենում հանրահավաքներ, որտեղ էլ հայտարարվում է, թե ինչ ակցիաներ պետք է իրականացվեն։
168.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Բելլա Լալայանն անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ նախ հիշեցրեց՝ 2018 թվականին նույն փողոցային պայքարի միջոցով տեղի ունեցավ իշխանափոխություն, հետևաբար՝ այսօր որևէ խնդիր չի տեսնում, որ ժողովուրդը հենց փողոցում պայքարելով՝ հեռացնի իշխանությանը։
«Սա ժողովրդի կամքն է, և եթե մեծամասնությունը կարծում է, որ իշխանությունը պետք է գնա, քանի որ չի ընդունում նրա վարած քաղաքականությունը, ապա փողոցում կարող է իր կամքն արտահայտել։ Խաղաղ ակցիան, բողոքի երթը ևս ժողովրդի կամքի դրսևորումն է, այսինքն՝ դիրքորոշման ցուցաբերում։ Այո, հնարավոր է այսպես հասնել իշխանափոխության, 2018 թվականին այդպես չի՞ եղել, փողոցային պայքարի միջոցով է եղել, չէ՞»,- նշեց Բելլա Լալայանը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը փողոցային պայքար սկսելով՝ նմանակում է իրենց, Բելլա Լալայանն ասաց, որ 2018 թվականին իրենք էլ «քոփի փեյսթ» էին արել ուրիշներից։
«Ես մանրամասնորեն չեմ հետևում տեղի ունեցող գործընթացներին, այսինքն՝ 340 կմ հեռավորությունից հնարավոր չէ տեսնել փոքր դետալներ, բայց 2018 թվականին էլ իրենք էլ, չէ՞, երևի ինչ-որ մեկից բաներ էին վերցրել։ Ամեն դեպքում, ես չեմ տեսնում, որ այսօր իրենք են նմանակում։
Կարծում եմ՝ ժողովրդի համբերությունն արդեն սպառվել է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, իշխանությունը հայտարարում է, թե հրաժարական չի ներկայացնի, որովհետև ժողովուրդն է իրեն ընտրել։
«Հարց՝ իշխանությունը մեր բնակչության քանի՞ տոկոսն է համարում ժողովուրդ։ Մարդկանց մեծ մասն իրենց չի ընտրել ու չեն վստահում, հետևաբար՝ միանշանակ ասել, որ ժողովուրդն իրենց ընտրել է ու լեգիտիմ են՝ սխալ է, և դա իրենք շատ լավ գիտեն։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հրաժարական կտա այն ժամանակ, երբ մարդիկ դուրս գան փողոց, պահանջեն իր հրաժարականը, նա կկատարի մարդկանց կամքը։ Հիմա մարդկանց մեծ մասը փողոցում է, սա ժողովուրդ չէ՞»,- շեշտեց Բելլա Լալայանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ներկայիս իշխանությունը Արցախի հիմնահարցն այնպես է շրջել, որ առնվազն 30 տարի է մեզ անհրաժեշտ շտկելու համար։
«Ինչպես 1988 թվականին սկսել ենք ազգային-ազատագրական շարժում, պետականության կերտում, նույն ձևով պետք է սկսենք նորից։ Նորից պետք է ունենանք մերը, ինչը պահանջելու է արտաքին ճկուն քաղաքականություն, նաև ազգային մտածելակերպ»,- եզրափակեց Բելլա Լալայանը։