«ԱՄՆ-ը պաշտպանում է խոսքի ազատությունը և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հորդորում է կողմերին պահպանել խաղաղությունը». ԱՄՆ դեսպանատունը՝ անհնազանդության գործողությունների մասին

Նախօրեից ընդդիմադիր մի շարք ուժերի փողոցային խաղաղ անհնազանդության քաղաքացիական գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում: Դրանց հետևանքով որոշ ցուցարարներ նույնիսկ մարմնական վնասվածքներ են ստացել:

Երեկ կեսօրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն գրավոր տարբերակով երկու հարց ուղղեցինք երևանյան փողոցներում արձանագրվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, հաշվի առնելով նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին ուղղվող կոչերը՝ արձագանքել իրավիճակին և գնահատական տալ ՀՀ ոստիկանության գործողություններին:

«Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ միասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել էր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ Դեսպան Թրեյսին իր հրապարակային ելույթներում ժամանակ առ ժամանակ անդրադառնում է Ոստիկանության բարեփոխումներին: Կխնդրեինք, որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ Թրեյսին գնահատեր այսօր ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կիրառած ուժի համարժեքությունը: Արդյո՞ք տեսանյութերում երևացող վարվելակերպը համապատասխանում է բարեփոխված ոստիկանության չափանիշներին: Տրամադրել ենք երկու դրվագի տեսանյութ, սակայն նմանատիպ տեսանյութերն այսօր բազմաթիվ են եղել»,- նշել էինք մեր առաջին հարցում:

Լին Թրեյսիին ուղղված երկրորդ հարցը երեկ փողոցներում դիմակավորված անձանց բիրտ գործողությունների մասին էր:

«Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր էր մոբիլիզացրել: Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար ակցիայի վայր խուժեցին սև դիմակներով կասկածելի անձինք: Ոստիկանության կողմից վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է՝ ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: 168.am-ը ոստիկանությունից փորձել է ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս, սակայն ոստիկանության լրատվականից չմեկնաբանեցին: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը, որը ևս կա տեսանյութերում»,- այսպես էինք ձևակերպել մեր հաջորդ հարցը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից 168.am-ի ուղղած երկու հարցերին պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մենք ուշադիր հետևում ենք ընթացող ցույցերին։ Միացյալ Նահանգները պաշտպանում է խոսքի ազատությունը և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հորդորում է կողմերին պահպանել խաղաղությունը և հարգանք դրսևորել իրավունքի գերակայության և Հայաստանի ժողովրդավարության հանդեպ»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այս օրերին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ԱՄՆ-ում է, որտեղ վերջինս հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031