
«Բոլորը պետք է կշռադատեն իրենց քայլերը, հայտարարությունները, ուժ չկիրառեն». Ռադիկ Մարտիրոսյան

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ և՛ մտավորականությունը, և՛ առհասարակ բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու։ Եվ այժմ յուրաքանչյուրն իր տարբերակով է արտահայտում։
«Այս պահին ես ի վիճակի չեմ շատ երկար խոսել ու երկար մտքեր արտահայտել, բայց կարծիք արտահայտողները պետք է լավ ու երկար մտածեն։ Նրանք այնպես պետք է անեն, որ դրանից որևէ մեկը ու որևէ բան վնաս չկրի, ավելին՝ այնպես պետք է անեն, որ իրենց խոսքը տեղ հասնի, հասնի նրան, ում հասցեագրված է։
Իմ տարիքում մարդը չի կարող ֆիզիկական ծանրաբեռնվածության տակ կանգնել հրապարակում, պարզապես ի վիճակի չեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։
Նա կոչ արեց բողոքի ակցիայի մասնակիցներին ու իշխանություններին. «Բոլորը պետք է կշռադատեն իրենց քայլերը, հայտարարարությունները՝ ուժ չկիրառեն և ժողովրդին ու երկրին վնասող արտահայտություններ չանեն»։