
«Չենք գալիս, որ Թուրքիային և Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները, այլ բերելու արժանապատիվ խաղաղություն». Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը խաբում է՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջ միջազգային հանրությունը չի դրել, նման բան ասում են Ալիևն ու Էրդողանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Երբ միջազգային հանրությունը, թշնամական երկրները տեսնում են, որ պարտված, ծնկի եկած մի ղեկավար երկիր է ներկայացնում, այդ մարդու հետ այդպես են խոսում: Մենք ասում են՝ ելք կա: Բայց դա նոր պատերազմ չի բերելու: Մենք երբեք չենք ասում, որ գալիս ենք Թուրքիային և Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները, ընդհակառակը՝ մենք գալիս ենք բերելու արժանապատիվ խաղաղություն: Նիկոլն ու իր թիմն ասում են՝ հնարավոր չի, բանակ չունենք, միջազգային հանրությունն այլ բան է ուզում: Ես էլ ասում եմ՝ կարող ենք չզիջել և խաղաղ զարգանալ, ինչպես դա ցույց է տվել մեր պատմությունը, 1998-ի օրինակը»,- նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է արդյունավետ կառավարում, բանակի սպառազինության համալրում:
Մինչդեռ, ըստ նրա, պատերազմի մեջ գտնվող երկրում իշխանությունները զբաղված են Երևան քաղաքի ղեկավարի ընտրության հարցերով, և մի քանի միլիարդ ծախսում են զբոսայգիների, ճեմուղիների կառուցման վրա, փոխանակ այն ուղղեն պաշտպանությանը:
«Բայց իրանց դա չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելը, ոչ թե Վարդենիսը, Սյունիքը, Արցախը պահելը»,- ընդգծել է դաշնակցական գործիչը:
Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նաև անկարող է արտաքին հարցեր լուծել, եթե անգամ ցանկանա՝ Բրյուսելում մի բան է ասում, Կրեմլում՝ մեկ այլ: Ավելին, երկիրը կտոր-կտոր պատերազմից հետո շարունակում է տալ:
«Մենք պայքարի ենք դուրս եկել, որ Նիկոլն ու Ալիևը չորոշեն մեր ժողովրդի, պետության ճակատագիրը»,- շեշտել է դաշնակցական գործիչը՝ միաժամանակ նշելով, որ Փաշինյանը երկիրը զիջումների տանելու մանդատ չունի:
Հարցին՝ արդյո՞ք 2018-ին Նիկոլ Փաշինյանը միայնակ «հեղափոխություն» արեց, արտաքին գործոն չկա՞ր, Իշխան Սաղաթելյանը արձագանքել է՝ արտաքին ազդակները նշանակություն ունենում են, բայց ամեն ինչ ժողովրդի ձեռքում է:
«Այս հրապարակը և ժողովուրդը պետք է որոշի այդ հարցերը՝ ով պետք է լինի ՀՀ հաջորդ իշխանությունը»,- եզրափակել է Սաղաթելյանը: