«Ոստիկանության գործողությունները համարում եմ համաչափ». Ալեն Սիմոնյան
Մայիս 2-ին Երևանում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկելիս նրանց նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են կարմիր բերետավորները ձեռքերով հարվածում քաղաքացու գլխին, մեկ այլ դեպքում՝ քաղաքացու մազերից քաշելով են բերման ենթարկում, նման օրինակները շատ են։ Իսկ Երևանի փողոցներից մեկում էլ ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածում էր լրատվամիջոցներից մեկի օպերատորին։
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին, թե ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ոստիկանը «բոքսում» է քաղաքացուն։
Նա նախ, լրագրողին հորդորեց բառապաշարից հանել «ոստիկանը բոքսում է» արտահայտությունը։
«Մեկ կոնկրետ դեպքը ընդհանրացնել և հոգնակի թվով ներկայացնելը ձեզ պատիվ չի բերում։ Եթե հիմա խնդրեմ մեկ-երկու դեպք բերեք, չեք անի»,- հակադարձեց Ալեն Սիմոնյանը։
Ի պատասխան նրա, լրագրողները սկսեցին թվարկել նմանատիպ բազմաթիվ դեպքեր, երբ լրագրողը փորձեց թեմայի վերաբերյալ այլ հարցեր տալ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ տվյալ լրագրողի հարցերին այլևս չի պատասխանում։
Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ Երևանում ընթացող իրադարձություններին բավականին քիչ է հետևում, սակայն լսել է միջադեպի մասին։
«Ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները համարում եմ համաչափ, շնորհակալություն եմ հայտնում, որ մեր մյուս քաղաքացիների իրավունքներն իրենք պահպանում են և թույլ չեն տալիս տարբեր փոքր միջոցառումներ, որոնք տեղի են ունենում, խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին։ Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ գործողություն է տեղի ունենում, քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և ոստիկանությունը և ոստիկանությունն իր աշխատանքն էիրականացնում»,- հավելեցԱԺ խոսնակը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։
«Մեր քաղաքացիներն իրեն ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից, ներքաղաքական լարում չկա։ Վարչապետը մշտապես ասել է, որ ընդդիմության հետ պատրաստ է հարցեր քննարկել, սակայն ես մտավախություն ունեմ, որ իրենք այդ օրակարգը մերժում են, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի»,- շեշտեց նա։