
«Որևէ խնդիր չեմ տեսնում առաջնորդի հետ կապված, առաջնային հարցը լուծենք, հետո մնացածը». Արթուր Վանեցյան

Մենք շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ բացառապես քաղաքացիական անհնազանդության ակցիաներով:
Քայլերթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այնուհետև անցնելու են ՀՀ-ի և Արցախի վերականգնմանը:
«Որքան էլ մեր նկատմամբ փորձեն ուժ կիրառել, մեդիադաշտում կեղծ տեղեկություններ մեր մասին տարածել, արդեն մեզ վրա որևէ բան չի ազդում, որովհետև ժողովուրդն արթնացել է, հասկացել, դուրս է եկել իր իրավունքները պաշտպանելու: Ժողովուրդն է պահանջատեր, և ժողովրդի պահանջը չկատարելն անհնարին է: Մեր պայքարն իր արդյունքը տվել է, և ես կարծում եմ, որ օրերի հարց է…»,- ասել է Վանեցյանը:
Ինչ վերաբերում է իշխանությունների հետ բանակցության մասին մամուլի հրապարակումներին, իշխանություններից եկող ազդակներին, նա նշել է. «Մենք իշխանությունների հետ որևէ բանակցություն չենք վարում: Մենք ժողովրդի հետ փողոցում ենք, մեր պահանջի տերն ենք: Եվ պետք է անենք ամեն ինչ, որ ավելի շատ ժողովուրդ դուրս գա փողոց: Այդ գործընթացը սկսել ենք, և այն ամեն օր երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Մենք ունենք մեր գործողությունների ամբողջ պլանը և գիտենք՝ ինչ պետք է անենք: Մյուս կողմից, շատ դեպքերում այդ գործողություններն ինքնաբուխ են ստացվում, մարդիկ դուրս են գալիս փողոց և ինչ-որ ակցիաներ անում, որի մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան ուղիղ եթերներով: Բայց սկզբից մինչև վերջ մենք գիտենք՝ ինչ ենք անում: Որոշիչը այստեղ ժողովուրդն է, քաղաքացին, եթե դուրս եկան փողոց ավելի շատ, քան հիմա են, այս իշխանություններից ազատվելը 1-2 օրվա հարց է: Չհաջողելու տարբերակ չունենք, չհաջողելը նշանակում է՝ կորցնել Հայաստանը, Արցախը, հայկականությունը»:
Հարցին՝ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր, հիմա Ձեր ներսում ունե՞ք, պատկերացնո՞ւմ եք՝ ով է ղեկավարելու, Արթուր Վանեցյանը պատասխանել է.
«Մենք ի սկզբանե ասել ենք՝ սա ցանցային, ապակենտրոն պայքար է, այս պայքարում չկան քաղաքական, կուսակցական դրոշներ, կուսակցական առաջնորդներ: Առաջնային հարցը սրանց քշելն է, երկրորդը ձևավորելն է այն իշխանությունը, որն ի զորու է ՀՀ-ի և Արցախի առաջ ծառացած բոլոր խնդիրները լուծել: Այս պահին ուրիշ խնդիր չունենք: Ով է լինելու առաջնորդը, հավատացեք, որդա ընդհանրապես էական չէ: Առաջնորդն ինքն իրեն կծնվի, կտեսնենք՝ ով է լինելու: Որևէ խնդիր ես չեմ տեսնում առաջնորդի հետ կապված, որ նստենք քննարկենք, առաջնային հարցը լուծենք, հետո մնացածը»: