
Նազարբաևի զարմիկը հեռացվել է Ղազախստանի հակակոռուպցիոն ծառայության մարմիններից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկը՝ Երբոլ Նազարբաեւը, հեռացվել է հակակոռուպցիոն ծառայության մարմիններից: Այդ մասին մայիսի 3-ին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Պաբլիկներում տարածված տեսանյութի կապակցությամբ հակակոռուպցիոն ծառայությունը հաղորդում է հետեւյալը. Գործակալության նախագահի 2022 թվականի հունվարի 26-ի հրամանագրով Երբոլ Նազարբաեւն ազատվել է Գործակալության հատուկ դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
2022 թվականի ապրիլի 14-ին նա հեռացվել է հակակոռուպցիոն ծառայության մարմիններից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Երբոլ Նազարբաեւը Նուրսուլթան Նազարբաեւի եղբոր՝ Բոլատի որդին է: Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էր տեսանյութ, որտեղ պատկերված էր Երբոլ Նազարբաեւին նման մի մարդ, որին ոստիկանները կանգնեցրել են մգեցված ապակիներով ավտոմեքենայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: