ՔՊ-ում անհանգիստ են. զգուշավորներն իշխանափոխության հոտ են առել եւ որոշել են ընդհատակ անցնել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ական պատգամավորները 2 օր է՝ Փաշինյանի հրահանգով հրապարակավ հեգնում են ընդդիմադիրներին, ծաղրում պայքարը՝ արձագանքելով Իշխան Սաղաթելյանին, ով հայտարարել էր, որ ՔՊ-ական պատգամավորները գերի են Փաշինյանի ձեռքում, ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ այդ անհոգ վիճակն ու արտաքուստ հանգստությունը թվացյալ են։
Չնայած Փաշինյանը նրանց հանգստացրել է, թե ոստիկանությունն առաջիկա օրերին հիմնովին ճնշելու է շարժումը, ձերբակալելու են ակտիվիստներին եւ կազմակերպիչներին, ու մի քանի օրում ամեն ինչ մարելու է, սակայն ֆրակցիայի զգուշավորներն իշխանափոխության հոտ են առել եւ որոշել են առժամանակ ընդհատակ անցնել։ Այդ վախերով է նաեւ պայմանավորված, որ երեկ զոդում էին ԱԺ դարպասները։ Սրանք այն դարպասներն են, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը բացեց հանրության առաջ` հայտարարելով, որ ԱԺ այգին պետք է հանրային զբոսավայր դառնա»: