Արայիկ Հարությունյանին տեսել եմ նոյեմբերի 5-ի գիշերը Շուշիում… Դավաճանորեն հանձնեցին. քաղաքապետ

«Ինչքան որ հայն ապրեր Շուշիում, ադրբեջանցին ռիսկ չէր անի գար, մտներ, ապրեր Շուշիում»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ այսօր առաջին պայքարողներից մեկը հենց շուշեցին պետք է լինի, քանի որ շուշեցին է կորցրել հայրենիք, տուն ու տեղ, սրբություն, ու դրա համար այսօր տեղին է, երբ հայտարարվում է, որ Շուշին հայկական է:

Նա շեշտեց, որ Շուշին հայկական եղել է, կա ու կմնա՝ անկախ նրանից, թե այսօր ով է այնտեղ ապրում ու ինչ գործով են զբաղվում:

«30 տարի մենք միակողմանի պահել ենք հայկական Շուշին: Պարզապես հիմարորեն, դավաճանորեն Շուշին հանձնվեց: Այսօր մեր նպատակը և, միևնույն ժամանակ՝ մեր ծրագրերից մեկն այն է, որ Շուշին կրկին պետք է վերադարձվի»,- նկատեց Սարգսյանը:

Նրա խոսքով, իշխանությունն առաջին իսկ օրից համակերպվել է այն մտքի հետ, որ Շուշին պետք է ադրբեջանական լինի, իրենք հայտարարեցին, որ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք է, դրանից հետո էլ ի՞նչ խոսես այս իշխանության հետ:

«Կոնկրետ ես մտածում եմ ու իմ բնակիչների սրտերում միշտ տաք եմ պահում, որ Շուշի մենք վերադառնալու ենք: Մեր բոլոր շուշեցիները գիտեն, որ Շուշին հայկական եղել է, ամեն մի քար, ամեն մի թիզ հող հայկական է: Ուղղակի էսօր պղծվում է Շուշին: Իշխանությունները հենց այն ժամանակ մտածված հանձնել են, որ իրենք ոնց որ քողարկելու համար էլ ասում են՝ դե, Շուշիում 90 տոկոս ադրբեջանցիներ էին ապրում: Իբրև Շուշիի հարցը, որ կար, մարդիկ ասել են, որ եթե Շուշին չհանձնվի կոնկրետ, ադրբեջանցիները գալու են ապրեն այդտեղ, սակայն պետք է մնար մեզ մոտ վերահսկողությունը: Ինչքան որ հայն ապրեր Շուշիում, ադրբեջանցին ռիսկ չէր անի գար-մտներ՝ ապրեր Շուշիում»,- ասաց Արծվիկ Սարգսյանը:

Շուշիի քաղաքապետն ասաց, որ իշխանությունն այդքանը մտածելով՝ Շուշին հանձնել է, որովհետև Շուշիի ինքնապաշտպանությանը մասնակցել է, տեսել է, թե ինչպես է ինքնապաշտպանությունը կազմակերպվում:

«Էն որ ասում են՝ Իսկանդեր են օգտագործել, ես չեմ հավատում դրան: Դրան չեմ հավատում, նրանք մտածված կերպով, որպեսզի այսօր ժողովրդի առաջ պարզերես լինեն՝ ասում են, որ կռիվը Շուշիի համար էր: Իհարկե, տենց էլ պետք է ասվի: Իհարկե, ադրբեջանցին ուզում էր Շուշին: Իհարկե, նրանք լացում էին Շուշիի համար 30 տարի, բայց մենք պետք է պահեինք, 30 տարի պահել ենք: Էն որ ասում է՝ Շուշին դժբախտ, դժգույն, քանդված քաղաք էր, ո՞վ է ասում, թե քանդված քաղաք էր: Ես 2019 թվականից Շուշիի քաղաքապետն եմ, գիտեմ, որ Շուշին ծաղկունք է ապրել: Թիզ առ թիզ սարքվել է Շուշին, ու ամեն մի քարը քարի վրա դնելով՝ ես միշտ ժողովրդին ասել եմ, հայությանը դիմել եմ, որ՝ եկեք Շուշին շուտ-շուտ սարքենք, ամեն մի քարը քարին դնելով՝ Ալիևին ապտակում ենք»,- ասաց Արծվիկ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս