«Եթե Նիկոլը մնա իշխանության, ապա նորանոր կորուստներ ենք ունենալու ընդհուպ մինչև Հայաստանի կործանում». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորը՝ թե՛ բազմապիսի ընդդիմադիրները (քաղաքական ինչ-որ ուժերին հարող կամ չհարող), թե՛ լատենտ նիկոլականները, թե նույնիսկ հենց բացահայտ նիկոլականները գիտեն, որ.
ա) Նիկոլը քայլ առ քայլ երկիրը հանձնում է թշնամուն;
բ) Ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացն անդառնելի լինի;
գ) Եթե մնա իշխանության, ապա նորանոր կորուստներ ենք ունենալու ընդհուպ մինչև Հայաստանի կործանում։

Եւ այնուամենայնիվ մարդկանց մի հոծ զանգված ասում է. «Հա, մենք գիտենք, որ Նիկոլը երկիրը տանում է կործանման, բայց…»։

«Բայց»-ից հետո բերվող պատճառաբանությունները տարբեր են, սակայն եզրակացությունը մեկն է. «…այնպես որ Նիկոլը դեռ թող մնա»։

Այսինքն՝ եթե դու հասկանում ես, որ Նիկոլը կործանում է երկիրը ու միաժամանակ ասում ես, որ թո՛ղ դեռ մնա, դու փաստացի ասում ես. «… դեռ թող մի քիչ էլ կործանի երկիրը»։

Ընդ որում պատճառաբանությունների մեծ մասն արդեն ընդունելի չէ որևէ հանգամանքում։

Օրինակ՝ բացի այդքան ատելի «նախկիններից» դաշտում արդեն կան «5165 շարժումը», «Զարթոնքը», երեկվանից՝ նաև Արման Թաթոյանը։

Եթե իրենցից որևէ մեկը ձեզ չի բավարարում, կարող եք ձեր հիմնարկի, ձեր բակի, ձեր ընկերական շրջապատի՝ ներկա աղետի մասշտաբները գիտակցող մարդկանցից ինչ-որ մի խումբ հավաքել ու իրենց հետ դուրս գալ պայքարի։ Եթե չգիտեք, թե ինչպես կազմակերպվել, սիրով կբացատրեմ։

Կամ եթե դուք պահանջում եք քաղաքական ուժերից ծրագրեր, ապա հենց հիմա կարող եք իջնել Օպերա ու հարցնել իրենց ծրագրերի մասին։ Մեկը դուր չգա, մյուսին մոտեցեք։

2018-ի ապրիլին, երբ ես գրել էի, որ Նիկոլին պետք է հարցեր տալ հիմա, քանի դեռ իշխանություն չի դառել, շատերը հարձակվեցին վրաս, թե հարցերը տալու ժամանակը չէ։

Հիմա նույն մարդիկ ասում են. «Բա մենք ի՞նչ իմանայինք, որ Նիկոլը սենց բաներ ա անելու»։ Է՛հ, հարցրեիք ու գուցե հասկանայիք, որ այդ մարդը խաբում է կամ «յուղ է վառում»։

Լավ, անցյալը մի կողմ… Իսկ հիմա ինչո՞ւ հարցեր չեք տալիս։

Տեսե՛ք, Վանեցյանն ամբողջ օրն Ազատության հրապարակում նստած է, Աշոտյանը և Տիգրան Աբրահամյանը ժամերով այնտեղ են լինում, լիքը մարդ կա Դաշնակցությունից, նույն 5165-ը գրեթե ամբողջ օրը այնտեղ է, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանը, Քոչարյանի թիմից են մարդիկ պարբերաբար երևում, երեկվանից՝ արդեն Արման Թաթոյանն է հայտնել, որ ակտիվանում է…

Այդ բոլոր մարդկանց կարող եք հանգիստ մոտենալ ու ձեր հարցերը տալ, նաև բանավիճել, նաև առաջարկնել անել ու նույնիսկ ինչ-որ բան պահանջել։

Վերջերս մի կին էր մեկնաբանություններում գրել. «Ի՞նչ է մտածում Ռուբեն Վարդանյանը այս ամենի մասին»։ Ախր, ձեր ցավը տանեմ, այդ մարդու կազմակերպության կոնտակտները ցանցում դրած են, ձեր հարցերն իրեն ինչո՞ւ չեք ուղղում։ Եթե չպատասխանի, դա էլ է պատասխան, հասկանո՞ւմ եք։

Ինչևէ… Չնայած ես 3րդ օրն է՝ հիվանդ եմ, երեկվա ավտոերթից հետո էլ ահավոր հոգնած, միևնույն է, այսօր 15:30–16:00-ից լինելու եմ Օպերայի մերձակայքում։

Հասնեք Օպերա, գրե՛ք, զանգե՛ք, եթե ինձ հարցեր ունեք, պատասխանեմ, եթե ձեր հարցերն այլ մարդկանց են ուղղված, գտեք այդ մարդկանց, հարցրեք։ Եթե չկարողանաք գտնել, կփորձեմ օգնել։ Նույն Արմանը Թաթոյան, վստահ եմ, քննարկումներից չի խուսափի։

Միայն թե այլևս մի ձևացրեք, թե ապակողմնորոշված եք, չեք հասկանում ևն։ Որովհետև արդեն այդ պատճառաբանությունը լուրջ չէ… Եթե հարցեր ունեք, ապա պատասխանները ստանալու համար գոնե պետք է այդ հարցերն ուղղել հասցեատերերին։

Ի տարբերություն 2018-ի ապրիլի, ոչ ոք չի թռնելու ձեր դեմքին ու փորձի լռեցնել, թե բա սուս, մեր սրբին խանգարում ես։ Իսկ եթե ինչ-որ մեկն էլ թռնի, ապա ոչ մի բան չի խանգարում որևէ այլ գործչի ձեր հարցերն ուղղել»։

Տեսանյութեր

Լրահոս