«Սիրելի ոստիկաններ, շատ եմ խնդրում, երբ մոտենում եք ցուցարարին, թող ձեր աչքերի առջև գան Շուշիի մշակույթի տան ձեր ծառայակիցների հետ կատարվածի կադրերը». Հայկ Մամիջանյան

«Փաշինյանի ռեժիմը վախի նոպայի մեջ է: Նոպաները նրա համար նորություն չեն, բայց հիմա արդեն այլ դրսևորում են ստանում, որովհետև կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին ուժով բերման ենթարկելն այլ կերպ բացատրել հնարավոր չէ»,- Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև, ուր բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդները,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա՝ դա հոյակապ ցուցիչ է մեր այն քաղաքացիների համար, որ այս շարժումն անկասելի է:

«Շենգավիթի բաժնում բերման են ենթարկվել 2 քաղաքացիներ, ընդհանուր առմամբ երկու բաժիններում ևս կան 20-ը»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ իր գործընկեր Աննա Մկրտչյանի տեղեկացմամբ՝ բերման ենթարկվածների մեջ կա երիտասարդ աղջիկ, ով վնասվածք է ստացել, հավանաբար՝ կոտրվածք, ու շուտով կտեղափոխվի հիվանդանոց:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ Հայկ Մամիջանյանը, դիմելով համակարգի արժանապատիվ սպաներին ու շարքայիններին, ասաց՝ պետք չի կապիտուլյանտի դավաճանության մասը դառնալ:

«Պետք չի ավելի դավաճան լինել, քան դավաճանը: Մենք ոստիկանության հետ խնդիր չունենք: Ոստիկանությունը, այո, պարտավոր է իրականացնել իր ծառայությունը, բայց այս օրերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանները դրսևորում են ինձ համար անընկալելի պահվածք՝ անհամաչափ բիրտ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների, երիտասարդների նկատմամբ»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Հայկ Մամիջանյանն իր խոսքում կրկին դիմեց ոստիկաններին:

«Սիրելի ոստիկաններ, այդ մարդիկ պայքարում են նրա համար, որպեսզի էն կապիտուլյանտը, որը ձեր ծառայակիցներին տարավ ի մահ (հիշեցնեմ Շուշիի մշակույթի կենտրոնի դեպքը), չլինի երկրի ղեկին: Ավելին ասեմ, մեզ բերման ենթարկող ոստիկանների ճնշող մեծամասնությունն իրենք են մասնակցել 44-օրյա պատերազմին: Այ, այդ ակցիա իրականացնող երիտասարդների վրա հարձակվելիս թող մի վայրկյան հիշեն՝ ինչպես էին իրենց մենակ թողել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ առանց քարտեզների, կապի միջոցների, առանց զրահաբաճկոնների կամ զրահաբաճկոններով, որոնք կրկնակի, եռակի թանկ էին գնվել պետբյուջեի հաշվին և ուշացած: Շատ եմ խնդրում, երբ մոտենում եք ցուցարարին, ակցիա իրականացնող երիտասարդին, սիրելի ոստիկաններ, թող ձեր աչքերի առջև գան Շուշիի մշակույթի տան ձեր ծառայակիցների հետ կատարվածի կադրերը, ու ըստ այդ մտքի՝ որոշեք ձեր գործողությունները»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս