«Իշխանության այս հայտարարությունը հերթական տեղեկատվական ֆեյքն է. եթե ընդդիմադիր ժողովուրդը հաղթի, ապա Հայաստանն ու Արցախը կունենան արժանապատիվ խաղաղություն». Քաղաքագետ
Ապրիլի 17-ից Երևանում, ապա նաև Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած անժամկետ բողոքի ակցիաների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները տարբեր մեկնաբանություններ են հնչեցնում։ Իշխանական մի խումբ պատգամավորներ հայտարարում են, որ եթե փողոցում պայքարող ընդդիմությունը հաղթի, ապա Հայաստանը կստանա պատերազմ, իսկ եթե պարտվի՝ կստանա խաղաղություն։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց՝ համոզված է, որ իշխանության այդ հայտարարությունը պայմանավորված է Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց տերերի հետ։
«Այս համատեքստում, ես բոլորի ուշադրությունը հրավիրում եմ այն բանի վրա, որ Բաքվում լրջորեն մտածում են, այսպես կոչված, Ֆեդերացիայի ստեղծման մասին, որը բոլշևիկյան ամենավատ ավանդույթներով մտահղացումն է։ Այնպես որ, իշխանության այս հայտարարությունը հերթական տեղեկատվական ֆեյքն է, որը տարածում է։ Համոզված կարող եմ ասել, որ եթե այս իշխանությունը շարունակի պաշտոնավարումը, ապա կլինի պատերազմ, ավելի ճիշտ՝ պատերազմը կշարունակվի, քանի որ այսօր պատերազմ է գնում։ Իսկ եթե այնպես ստացվի, որ ընդդիմադիր ժողովուրդը, ասում եմ՝ ընդդիմադիր ժողովուրդ, որովհետև բողոքի ցույցերն արդեն ընդունել է ժողովրդի կերպար, ապա Հայաստանն ու Արցախը հնարավորություն կունենան արժանապատիվ խաղաղություն ունենալ»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
Քաղաքետի փոխանցմամբ՝ ուսումնասիրում է տարածաշրջանի երկրների տրամադրություններն ու կարծիքները Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ, ըստ այդմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կա մեծ ցանկություն, որպեսզի Կովկասում բացվի երկրորդ ճակատ՝ ի դեմ Ռուսաստանի։
«Այսօր Հայաստանի ու Արցախի հարցերը լուծվում են նաև Ուկրաինայում, քանի որ այսօր այն, ինչ կատարվում է այնտեղ, չպետք է ընկալել միայն ռուս-ուկրաինական պատերազմ։ Սա Ռուսաստանի կողմից որոշակի ապստամբություն է այն բարքերի նկատմամբ, որ տիրում է աշխարհում, պայքար է աշխարհի գլոբալիզացման դեմ»,- հավելեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, Գագիկ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների՝ որպես դերակատար, դեսպանները հավաքվել, քննարկում են այն սցենարը, որի նպատակն է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ միավորել Հայաստանը, Արցախը և Վրաստանը։
«Սա շատ վատ սցենար է»,- եզրափակեց քաղաքագետը։