«Եթե մենք ընդունենք այս սահմանը, ապա ճանաչում ենք Արցախը սահմանից այն կողմ՝ Ադրբեջանի մաս». Ամատունի Վիրաբյան

Ապրիլի 23-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը հայտնել է, որ արդեն որոշվել է ադրբեջանահայկական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման և երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը:  Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է «Բաքու-Երևան» ձևաչափով բանակցությունների նախապատրաստման մասին։

Այս հայտարարությունից մեկ օր առաջ էլ Ալիևը ասել էր, որ մտադիր են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցել միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։

«Ներկայում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ, և այդ բանակցությունները չպետք է երկար ընթանան, քանի որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Համաձայնագրի տեքստը կարող է պատրաստվել և ստորագրվել շուտով»,- ասել էր նա։

168.amի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց, որ  Ադրբեջանի հետ գնալ սահմանազատման ու սահմանագծման, նշանակում է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

«Սահմանազատման ու սահմանագծման համար կա և՛ 1975, և՛ 1985 թվականների քարտեզներ, ինձ թվում է, սահմանազատումն ու սահմանագծումը կլինի այդ քարտեզով, որովհետև դրանից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Միանշանակ, սահմանազատում ու սահմանագծում իրականացնելուց առաջ, Արցախի ու Հայաստանի սահմանային հատվածներում առաջ եկած ադրբեջանցիները պետք է հետ գնան, որից հետո իրականացնեն սահմանազատում ու սահմանագծում։ Հավատացեք, այս երկու քարտեզների մեջ որևէ տարբերություն չկա, ուղղակի մի քանի հեկտար տարածքի խնդիր է տարբերությունը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Ըստ նրա՝ սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն առաջացել է Արցախյան հիմնախնդրի հետևանքով, հետևաբար, երբ Հայաստանը գծի այդ սահմանները Արցախը ճանաչվելու է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»։

«Ամբողջ խնդիրը սա է, հակառակ դեպքում այս սահմանազատումը տեղի կունենար 2020 թվականի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո։ Բոլորն էլ հասկանում են, եթե մենք ընդունենք այս սահմանը, ապա ճանաչում ենք Արցախը սահմանից այն կողմ՝ Ադրբեջանի մաս։ Հնարավոր բան չէ, որ Ադրբեջանը համաձայնի, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունենա սահմանազատում ու սահմանագծում, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնա հետագային։ Սրա հետ Ադրբեջանը չի համաձայնի և նոր խնդիրներ կառաջացնի»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 24-ին իր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ադրբեջանին հայկական կողմի ներկայացրած առաջարկի մասին և ընդգծել, որ առաջարկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ձևավորմանը, որը Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է։ Նա նաև հավելել էր, որ Ադրբեջանը արձագանքել է առաջարկին՝ նշելով, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։

Այս ամենից հետո, սակայն Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ իր նախապայմաններն առաջ քաշեց և հայկական կողմին ներկայացրեց 5 կետերից բաղկացած իր պայմանները։

Տեսանյութեր

Լրահոս