Ալիևը Շուշիում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած 5 հիմնական սկզբունքների հիման վրա

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, գրում է minval.az-ը:

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մոտ ապագայում կոնկրետ բանակցություններ սկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ, հայտարարել է Ալիևը։

«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Ներկայում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ, և այդ բանակցությունները չպետք է երկար ընթանան, քանի որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Համաձայնագրի տեքստը կարող է պատրաստվել և ստորագրվել շուտով»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով, այդ կերպ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող են կապեր հաստատել, այդ թվում՝ դիվանագիտական։

«Այս առաջարկն առաջ քաշելով՝ մենք ևս մեկ անգամ ցուցաբերում ենք բարեհաճություն և, կրկնում եմ, հեռատեսություն։ Հայաստանում գլուխ բարձրացնող «ռևանշիստական» (չակերտները՝ Tert.am) ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի միակ ելքն է և գուցե վերջին հնարավորությունը։ Եթե հրաժարվեն, ուրեմն մենք չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պաշտոնապես կհայտարարենք այդ մասին։ Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ հայկական կողմը պետք է լավ հասկանա, թե ինչի կհանգեցնի այդ քայլը»,- ասել է Ալիևը։

Նախորդ ամիս հայտնի էր դարձել, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։

Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։

Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների, ասել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Բաքվի հրապարակած 5 կետանոց առաջարկին։ Արտգործնախարարը նկատել է՝ Բաքվի առաջարկած կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։

Տեսանյութեր

Լրահոս