«ԱԱԾ Production»-ը ներկայացնում է

Ազգային անվտանգության ծառայությունը սերիալային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ պետական դավաճանության այս կամ այն գործով անցնող մեղադրյալի վերաբերյալ, ներկայացնում է սուր զգացողություններ հաղորդող մանրամասներ, թե ինչպես է այդ անձը ծածկանուն ստացել, կամ որքան գումարի դիմաց է թշնամուն փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները։ Խնդիրը, իհարկե, ԱԱԾ-ի այդ հաղորդագրությունների բովանդակությունը չէ, եթե տեղի է ունեցել պետական  դավաճանություն, ապա դրա բոլոր մասնակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Ավելի խնդրահարույց է այն, որ նման գործելակերպով ԱԱԾ-ն ներքաշվում է իշխանական քարոզչության մեջ, քանի որ ակնհայտ է՝ խնդիր է դրված նաև այսպիսի բացահայտումներով լղոզել պատերազմում պարտության մեղքը, լեյտմոտիվն էլ պրիմիտիվ է գռեհկության աստիճանի՝ «այսքան դավաճան ունեցող երկիրը չէր կարող չպարտվել պատերազմում»։

Բայց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ-ին նման քարոզչական հանձնարարականներ տալով՝ ոչ միայն հեղինակազրկում է այդ կառույցը, այլև դնում է չափազանց բարդ իրավիճակում, որն իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում կարող է բումերանգի պես հարվածել անձամբ իրեն։ Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո և մինչև օրս հասարակության եթե ոչ՝ գերակշիռ, ապա՝ զգալի հատվածի մոտ կա իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին կասկած։

Քանի դեռ այդ կասկածը հիմնավորապես, ապացույցներով չի փարատվել, այն լինելու է լեգիտիմ։ Եվ ամեն անգամ, երբ ԱԱԾ-ն հերթական «շարքային դավաճանի բացահայտման» մասին տեսահոլովակ է հրապարակում՝ հասարակության մեջ արթնացնում է Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին կասկածը։ Արդյունքում, մեծ հավանականությամբ, հանրային հոգեբանության վրա ազդում է ոչ թե «այսքան դավաճան ունեցող երկիրը չէր կարող չպարտվել պատերազմում» իշխանական նարատիվը, այլ «գլխավոր դավաճանին թողած, ընկել եք մանր դավաճանների հետևից» համոզմունքը։

Ազգային անվտանգության ծառայությունն իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ լինելու դեպքում համապատասխան քրեական գործի շրջանակներում պետք է առնվազն հարցաքններ Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանությունը հերքելու մասին հրապարակային ապացույցներ ներկայացներ։ Դա կբխեր առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ու պետության շահերից, քանի որ, մեղմ ասած, հաճելի չէ, երբ երկիրը ղեկավարում է մարդ, ում հանրության որոշակի հատված կասկածում է դավաճանության մեջ։ Բայց այդ հարցաքննությունը տեղի չի ունեցել, ինչից կարելի է ենթադրել, որ դրա արդյունքները կարող են նաև չբխել Նիկոլ Փաշինյանի շահերից և չփարատել նրա դավաճանության մասին կասկածները։ Եվ քանի դեռ  դա տեղի չի ունեցել, ԱԱԾ-ն շարունակելու է թատերական խմբակի անդամի սիրողական մակարդակի դեդեկտիվ տեսանյութեր նկարահանել՝ մեծ դավաճանության մասին մարդկանց մտքերը շեղելով փոքր դավաճանության մասին տեսարաններով։

Բայց ԱԱԾ-ն երբևէ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ նկարահանելու է։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում։ Ահա այդ տեսանյութում կամ հիմնավորապես հերքվելու են Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին բոլոր կասկածները, կամ տեսանյութը փոխանցվելու է դատարանին՝ որպես իրեղեն ապացույց։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Նաև՝ ժամանակի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս