Ո՞վ կվարի Խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Մոսկվան և Բրյուսելը չունեն կոնսենսուս

Խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն աշխարհաքաղաքական կռվախնձորի է վերածվում:

Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի ռուսական պաշտոնական այցից հետո պարզ դարձավ, որ Մոսկվան չի պատրաստվում համաձայնագրի բանակցությունները զիջել Եվրոպական միությանը, մասնավորապես, ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությանը: Չնայած ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, ապրիլի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ռուսական պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ բոլոր գործընթացներում գլխավոր միջնորդ է դիտարկում իրեն Ռուսաստանը: Ի դեպ, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, թե Բրյուսելն ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։

Միևնույն ժամանակ Միշելը զրուցել էր Փաշինյանի ու Ալիևի հետ:

Ադրբեջանի տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, շոշափվել է ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան գործնական և արդյունավետ աշխատանք տանելու կարևորությունը։

«Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավարին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցության համար, ներառյալ՝ սահմանագծումն ու սահմանազատումը, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային և հաղորդակցության գծերի բացումը: Ինչպես նաև այս խնդիրների նկատմամբ մշտական ​​ուշադրության համար»,- ասված էր հաղորդագրությունում, որից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը գլխավոր բանակցությունները դիտարկում է եվրոպական հարթակում, որի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններն ակտիվորեն իրագործվում են: Հայկական կողմի տարածած հաղորդագրությունը Փաշինյան-Միշել հեռախոսազրույցի վերաբերյալ ավելի անորոշ էր ու զգուշավոր:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ բրյուսելյան հանդիպումից հետո երկրորդ անգամ այսօր կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։

«Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում, որի նման հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հարկ է տեղեկացնել նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնաց, Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևին։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, Ադրեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը վերաբերող հարցեր»,- նշված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևը Խովաևին փոխանցել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին։ Ալիևի պնդմամբ, Բաքուն արդեն իսկ նշանակել է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններին երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներին, ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։ Ավելորդ է նույնիսկ նշել, որ այս գործընթացում Ադրբեջանի ընտրության կշիռն էապես բարձր է, քան Հայաստանինը, և նույնիսկ տպավորություն է, որ Հայաստանը թույլ է տալիս, որ իր փոխարեն որոշեն, կանխատեսելով իրադարձությունները հնարավոր ընթացքը և Արևմուտքի աճող դերը տարածաշրջանում:

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն այս հարցով կընտրեն իրենց շահերի համադրման և ոչ հակադրման ճանապարհը:

Ըստ նրա, ի վերջո, ամենասուրը Ռուսաստանը և Արևմուտքը դիրքավորված են ուկրաինական հարցի շուրջ:

«Ռուսաստանն ունի մտավախություններ, որ գործընթացից դուրս կմղվի, քանի որ ԵԽ նախագահ Միշելը կարողանում է արդյունավետ աշխատել, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ու ստացվում է, որ կարգավորման հարցում Ռուսաստանն անգործ է մնում կամ չունի բավարար ռեսուրս իր միջնորդությամբ պայմանավորվածությունների իրագործմանը հետևելու, կողմերի հետ աշխատելու համար:

Չեմ կարծում, որ խաղաղության համաձայնագիրը նախապատրաստվի ռուսական միջնորդությամբ, կարծում եմ՝ ռուսական միջնորդությամբ տեղի կունենան սահմանազատման հանձնաժողովի քննարկումները, քանի որ քարտեզները ևս ՌԴ-ում են, ինչպես ռուսական կողմն էր ակնարկում: Իսկ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ կարծես աշխատանքները սկսված են, և եթե ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն, կշարունակվեն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, թե բնական է, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, քանի որ ուկրաինական պատերազմով օրեցօր թուլանում է:

«Սակայն պատկերացնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են լիովին մերժել ռուսական միջնորդությունը ներկայումս և բանակցել միայն Բրյուսելում, անհնար է թվում, քանի որ Ռուսաստանն ունի ահռելի լծակներ տարածաշրջանում, որոնցից գլխավորը ներկայումս Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ներկայությունն է: Իհարկե, ՌԴ-ն կցանկանա, որպեսզի բանակցությունները վարի եվրոպական կողմը, սակայն դրա որևէ փուլում չբարձրացվի խաղաղապահների միջազգայնացման, ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը, կամ գոնե ժամանակավորապես: Այս հարցերը գուցեև քննարկվեն ՌԴ-ԵՄ շփումներում, եթե լինի կոնսենսուս, իրադարձություններն ավելի հարթ կընթանան, եթե ոչ, ապա միջնորդները շարունակելու են ինչ-որ առումով միմյանց խանգարել: Եվ սա՝ դեռ այնքան, որքան շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, որը բոլոր երկրներին դնում է կախյալ իրավիճակի մեջ»,- նկատեց վերլուծաբանը:

 

Տեսանյութեր

Լրահոս