«Այս անգամ հնարավոր է՝ ոչ թե Իլհամիկը, այլ Հեյդարիկը գա»․ էշին ԱԺ-ի բակ բերած տղամարդը միացել է Իջևանից մեկնարկած երթին
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Իջևան քաղաքից դեպի Երևան մեկնարկած երթին միացել է նաև Սևադա Ղուկասյանը: Նա էր, որ 2021-ի մայիսի 10-ին էշով եկել էր Ազգային ժողովի բակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տուն տաներ։
«Անկեղծ ասած, այս ակցիայի ֆորմատը մի քիչ ուրիշ է, ես չեմ ուզում ասել՝ լուրջ է, որովհետև ավանակի հետ կապվածը ես լուրջ եմ ընդունում ու անպայման արվելու է։
Քանի որ էշը շատ գործ ունի անելու, դեռ երկար ճանապարհ պետք է գնա, մենք չուզեցինք այս ընթացքում իրեն չարչարենք, ինքը կմիանա մեզ ընթացքում ու իր գործը կանի անպայման, իր առաքելությունն ավարտին կհասցնի։
Իմիջիայլոց ասեմ, այս անգամ հնարավոր է՝ ոչ թե Իլհամիկը գա, այլ Հեյդարիկը գա։ Իլհամիկի մոտ չհաջողվեց, հուսով եմ՝ Հեյդարիկի մոտ կհաջողվի․․․ Հիմա բանակցություններ ենք վարում, ուղղակի ասում է՝ ես սկզբունքային ավանակ եմ, եթե պետք է մինչև վերջ գնանք, գալիս եմ, եթե չէ՝ չէ։ Մենք խոստացել ենք իրեն, որ մինչև վերջ ենք գնալու, ինքն ուզում է վերջնական համոզվի ու կմիանա մեզ»։
Հարցին՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Իլհամիկին տարել եք սահման, արդոք դրանում ուղերձ կա՞ր, քաղաքացին պատասխանեց․
«Իլհամիկը գնում է սահման, բայց ոչ մենակ․․․ Ում պետք է՝ հետը պետք է տանի անպայման, ու ոչ միայն սահման, այլ սահմանը պետք է անցնի։ Ինքը ճանապարհը լավ գիտի, տանելու է՝ որտեղ պետք է, հետո մեր էշը հետ կգա մեր մոտ․․․»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Սաղաթելյանը նաև հայտնել էր, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն նաև Հայաստանի այլ մարզերից․
«Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ #զարթնիրլաո»»։