«Թուրքիայի արտգործնախարարի արարքը ոչ միայն բարոյական առումով ընդունելի չէ, այլև նա ռասիզմի տարածում է իրականացնում երրորդ երկրի տարածքում». Ռուբեն Սաֆրաստյան
Ապրիլի 23-ին Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ համայնքի ցուցարարներին ցուցադրել է «Գորշ գայլեր» ռասիստական կազմակերպության ժեստը և այդ ամենն արել է լայն ժպիտով։ Դեպքից հետո, Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ ստանալու նպատակով։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, որ 1965 թվականին Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն էր, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ցուցադրած ժեստին և այդ համատեքստում հայ-թուրքական հարաբերություններին, նշեց, որ այդ ժեստը վկայում է այն մասին, որ Թուրքիայում ժխտում են ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաները՝ ի դեմս արտգործնախարարի, լկտիություն, անպատկառ վերաբերմունք են ցուցաբերում Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակի նկատմամբ։
«Թուրքիայի արտգործնախարարի արածը մի արարք է, որը ոչ միայն բարոյական առումով ընդունելի չէ, այլև նա նման ռասիզմի տարածում է իրականացնում երրորդ երկրի տարածքում՝ Ուրուգվայում։ Այդ երկիրն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ մի երկրում, մեկ այլ երկրի արտգործնախարարը ռասիստական ժեստ է ցույց տալիս, որն արդեն անընդունելի է նաև իրավունքի տեսակետից։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայի դեսպանին կանչել են այդ երկրի արտգործնախարարություն, որպեսզի բացատրություն պահանջեն»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյան։
Ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի նման պահվածքի համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Թուրքիայի արտգործնախարարի այդ արարքը պետք է բանակցային գործընթացում Հայաստանի կողմից արժանանա հատուկ վերաբերմունքի, քննադատության և պահանջվի, որ եթե Թուրքիան բանակցում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ապա այդ երկրի արտգործնախարարն իրավունք չունի թույլ տալու նման արարք։
«Սա անպայման ոչ միայն պետք է արժանանա հրապարակային հայտարարությունների, այլև, եթե բանակցությունները շարունակվում են, հայկական կողմը պետք է հատուկ վերաբերմունք ցույց տա Թուրքիային։
Պետք է նշել ևս մեկ հանգամանք, որ այս ամենից օգտվելով՝ հայկական կողմը Հայոց ցեղասպանության հարցը պետք է բարձրացնի ու դնի նրա առջև, այլ ոչ թե սպասի, որպեսզի Թուրքիան այդ հարցը կոծկի, կեղծի և պահանջի, որպեսզի Հայաստանը հրաժարվի պահանջատիրությունից։ Կարծում եմ՝ հենց Հայաստանն այդ հարցը պետք է դնի Թուրքիայի առջև ոչ միայն այն առումով, որ նրանց արտգործնախարարն է այդպիսի ռասիստական մոտեցում ցուցաբերել, այլև պետք է օգտագործվի այն հանգամանքը, որ աշխարհի երեք կարևոր երկրներ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և այն դատապարտել են։ Այս երեք երկրները, որոնք ոչ միայն Մինսկի խմբի համանախագահող պետություններ են, այլև ՄԱԿ-ի անվտանգության հինգ մշտական անդամներից երեքն են։ Այս հանգամանքը հայկական կողմից պետք է օգտագործվի՝ որպես ճնշման միջոց Թուրքիայի վրա»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Մեր զրուցակիցը համոզված է, որ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում Թուրքիան Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարվելու պահանջ կներկայացնի։
«Եթե Թուրքիան այժմ ձևականորեն հայտարարում է, որ չունի նախապայմաններ, ապա որոշ ժամանակ անց նա այդ նախապայմանները կդնի բանակցությունների սեղանին։ Հայկական կողմը պետք է հարձակողական մոտեցում ցուցաբերի՝ ցույց տալով, որ եթե Թուրքիան ուզում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։