Ամո՛թ է, ուրիշ մարդիկ գալիս են մեր երկիր, նայում են մեր խոզությունը, մաքրում, ասում են՝ մի աղտոտեք. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերին:

«Փաստն այն է, որ ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ մի վարչական իրավախախտում չի կազմվել: Այսինքն, տեղում նկարվում է քաղաքացին, իդենտիֆիկացնում ու կարողանում են պատասխանատվության ենթարկել: Ինձ համար, ճիշտն ասած, ամոթ էր. վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն են անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել: Պարզապես չգիտեմ՝ ինչ ասեմ: Ամո՛թ է, ուրիշ մարդիկ գալիս են մեր երկիր, նայում են մեր խոզությունը, մաքրում, ասում են՝ մի աղտոտեք»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետն անդրադարձավ նաև քաղաքում ընթացող շինարարությանը՝ ընդգծելով, որ ավտոմեքենաները կեղտոտ անիվներով երթևեկում են փողոցներով:

«Անպատասխանատու ձևով են պահում: Կարծում եմ՝ մեծ շինարարություն իրականացնելու դեպքում դժվար չէ համապատասխան ջուր ունենալ, լվացող սարք, անվադողերը մաքրել, նոր երթևեկել: Ստացվում է՝ մեր աղբահանության հիմնարկը մաքրություն է իրականացնում, դրանից հետո շինարարական աշխատանքներ են սկսվում, և քաղաքն էլի փոշու է վերածվում»,- նշեց Հայկ Սարգսյանը, ապա հանձնարարեց բոլոր շինարարական կազմակերպություններում ստուգումներ իրականացնել՝ պարզելու, թե արդյո՞ք ունեն համապատասխան կահավորանքը, գործածո՞ւմ են այն, թե՞ ոչ: Եթե չկան, ապա պետք է տուգանել:

Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձի վարչական տույժի ենթարկելու ոչ մի դեպք չկա՝ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմն աշխատացնելու համար:

Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ կազմակերպությունների կողմից աղբը թափելու համար 30.000 դրամ տուգանքը շատ փոքր է, պետք է այն տասնապատկել, իսկ ավտոմեքենաների համար սահմանված 5000 դրամ տուգանքը պետք է դարձնել նվազագույնը 50.000 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս