«Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն «գոյություն չունի» . թուրք-ֆրանսիական, ֆրանս-ադրբեջանական հարաբերություններին հակազդող կամ համահունչ ոչինչ չի արվում». Հրաչ Վարժապետյան
168.am-ը զրուցել է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ
– Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»: Սրանից հետո այս թեզն ակտիվորեն տարածվում է՝ առանց կոնկրետ անունների և հստակեցումների: Սա մանիպուլյացիա՞ է, թե՞ նման բան կա: Ֆրանսիան ներկայացնում է միջազգային հանրությունը, հզոր երկիր է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, կա՞ ճնշում ֆրանսիական կողմից:
– Այո՛, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը մանիպուլյատիվ է, իր հետևորդներին մոլորեցնելու փորձ է, որում ինքը վարպետ է: Նման ճնշում չի կարող ունենալ միջազգային ընտանիքի կողմից, այն էլ՝ այդպես բացահայտ, որ իջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը: Իսկ եթե կա կամ հնարավոր է նման բան, ապա ոչ Ֆրանսիայի կողմից: Այս մեկը կարող եմ հաստատել:
Ենթադրենք՝ այլ պետությունների կողմից կա նման բան, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը պարտավոր չէ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Եթե գլոբալ նայենք, ապա միջազգային ճնշումներ առհասարակ կարող են լինել և եղել են բոլոր ժողովուրդների դեպքում: Այսինքն՝ մեծ պետությունների կողմից փոքր պետությունների նկատմամբ եղել են ինչ-ինչ ճնշումներ, բայց պարտադիր չէ, որ դրանց տրվես: Եվ մենք էլ պարտավոր չենք հիմա:
– Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ Հայաստանը մենակ է մնացել իր խնդիրներում, չունի միջազգային հանրության աջակցությունը: Մենակ էր նաև 44-օրյա պատերազմի օրերին:
– Երբ սկսվեց արցախյան շարժումը 1988-ին, այնուհետ՝ արցախյան ազատամարտը, հատկապես առաջին օրերին, սկզբնական շրջանում, մենք մենակ էինք, բայց մեր ժողովուրդը համառորեն պայքարեց և կարողացավ իր ինքնությունը, իր էությունը ապահովել իր հայրենիքում՝ Արցախում: Այն ժամանակ էլ հարաբերականորեն տկար էինք, դեռ բանակ չունեինք, համապատասխան քանակի և որակի զենքեր: Դուք շատ լավ գիտեք, որ սկզբնական շրջանում որսորդական հրացաններով ենք սկսել ինքնապաշտպանությունը, հետո նոր տարբեր միջոցներով զենքի ապահովումը կատարվեց, բայց միշտ էլ մենակ էինք, առանձին էինք, սակայն կարողացանք պատերազմը հաղթել և 1994-ին զինադադար պարտադրել թշնամուն: Եվ, որ ամենակարևորն է՝ ազատագրել մեր հայրենիքի կարևոր հատվածը, հռչակել Արցախի Հանրապետությունը: Այնպես չէ, որ այդ ժամանակ մենակ չէինք, ունեինք միջազգային ուժեղ աջակցություն, կամ չկային պարտադրանքներ, գոնե՝ անհամաձայնություններ ռազմական այս կամ այն քայլի հետ կապված:
– Այսօր ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ֆրանսիա, Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները:
– Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները պետական բարձր մակարդակի հարաբերություններ են և միշտ էլ լավն են եղել: Իհարկե, վայրիվերումներ ևս եղել են՝ միջազգային, տարածաշրջանային ինչ-ինչ հարցերում: Բայց կրկնում եմ՝ այդ հարաբերությունները կայուն են, բարձր մակարդակի, բնականաբար, կան երկուստեք շահեր: Եվ այդ բոլորի մեջ հայկական գործոնը, անշուշտ, ունի իր տեղը: Այստեղ ուզում եմ հավելել, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, առհասարակ մեր արտաքին ճակատն աշխարհով մեկ, իր գործն անելու փոխարեն՝ Ֆրանսիայում Ադրբեջանի և Թուրքիայի տարած աշխատանքների համատեքստում գրեթե չկա, գոյություն չունի մեր դեսպանությունը, նա չունի այն բարձրությունը՝ հակազդելու թուրք-ֆրանսիական, ֆրանս-ադրբեջանական հարաբերություններին կամ դրանց հետ համահունչ շարժվելու:
Ըստ այդմ՝ այս գործը տասնամյակներ ի վեր իր ուսերին է վերցրել տեղի գաղութը, բայց սա նույնը չէ, ինչ պետական աշխատանքը, որը պիտի լիներ:
Աշխարհով մեկ մեր արտաքին քաղաքականությունը խայտառակ վիճակում է՝ 2018-ից ի վեր, հատկապես պատերազմում պարտությունից հետո: Այնպես, ինչպես պաշտպանության նախարարությունը, ռազմական ամբողջ կորպուսը գիտակցաբար քանդեց այս իշխանությունը, այս Նիկոլ կոչեցյալը նաև գիտակցաբար հարվածեց արտաքին գործերի նախարարությանը, արտաքին և դիվանագիտական կորպուսին: Եվ դիվանագիտական կորպուսի, այսպես ասած, պակասն է պատճառը Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների առաջ շարժվելու և մեր հետ մնալու: Նրանց հարաբերություններին պիտի հակակշռեր դիվանագիտական կորպուսը, որը բացակա է, և նույն հարթության վրա չէ, ինչ Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները:
– Հայ-թուրքական հարաբերություններն այսօրվա պայմաններում պիտի՞ կարգավորվեն, և որքանո՞վ է Ֆրանսիան շահագրգիռ այս հարցում:
– Հայաստանի վերանկախացումից ի վեր, անցած երեսուն տարիների ընթացքում ամեն անգամ, երբ հայ-թուրքական հարաբերությունների հարցում հայկական կողմը որևէ թուլություն է ցուցաբերել, միջազգային ընտանիքն անմիջապես անցել է իր քաղաքական վարքագծի դասական մարտավարությանը՝ շեփորահարել, մղել, քաջալերել, ըստ անհրաժեշտության՝ պարտադրել ու աջակցել, երբեմն նույնիսկ՝ ուղղակի հովանավորել սույն գործընթացը: Նախորդ բոլոր իշխանությունները և նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այս փորձաքարին բախվել են առավել կամ նվազ չափով, ոմանք՝ կամովին հավատալով թեզին, ոմանք՝ հարկադրաբար, տեղի տալով միջազգային ճնշմանը:
Այսօր, սակայն, ամեն առումով հայավնաս այդ գործընթացը նախորդներից առավել գործնական ու մահացու փուլում է: Ինչո՞ւ: Պարզ է: Որովհետև պատերազմում պարտված, արտաքին և ներքին ճակատում բարոյալքված ապազգային ներկա իշխանությունը կամովին կլանված է այդ գործընթացով: Միջազգային ընտանիքի համար, բնականաբար, ձեռնտու է հայկական կողմի այս թուլամորթ, անձնատուր, դասալիք, ներկա խայտառակ վիճակը:
Այս կացության մեջ թուրք-ադրբեջանական տանդեմը հաղթական վիճակում է առայժմ, և միակ պարտվողը մենք ենք, մանավանդ, որ պաշտոնական Երևանը մի կողմից տարբեր առիթներով բացահայտորեն արտահայտվում է՝ ի նպաստ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, անհաշիվ ու անհարկի ճառում սահմանագծման ու սահմանազատման մասին, մյուս կողմից՝ սահմանի ու միջանցքների բացման օրակարգով ջերմ սիրաբանության մեջ է Թուրքիայի հետ:
Եվ այս բոլորը՝ խաղաղասիրության կեղծ պիտակի ներքո և խաղաղություն ապահովելու պատրվակով: Բայց մի՞թե փաշինյանական քարոզվող հեքիաթային «խաղաղության» արդյունքը չճաշակեցինք արդեն՝ պատերազմ, հողային կորուստ, հազարավոր զոհեր, գերիներ, կազմաքանդված բանակ, քայքայված տնտեսություն, պառակտված ազգ… Եվ այս իրավիճակում էլ գլխավոր դավաճանը համառորեն շարունակում է գովերգել թշնամու հետ խաղաղության պայմանագիրը, պնդել այն ստորագրելու կամ կնքելու «անհրաժեշտությունը»՝ էժան, նենգ ու դարանակալ իր քարոզչությամբ առավել մոլորեցնելով արդեն իսկ մոլորված իր հետևորդներին:
– Կարո՞ղ եք օրինակներ հիշել՝ խաղաղության շահեկան և ոչ շահեկան պայմանագրերի միջազգային պրակտիկայում:
– Ժողովուրդների պատմությունը բազմիցս ապացուցել է՝ կեղծ, շինծու և մանավանդ արտաքին աշխարհից թելադրված, պարտադրված խաղաղության պայմանագրերը դրական արդյունքի չեն հանգեցնում:
Ընդհակառակը՝ դրանք ունեցել են ցավոտ վախճան: Վերջին հիսունամյակում այդ առումով կան բարացուցական օրինակներ: Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը, միջազգային ընտանիքի մղումով և հակառակ սեփական ժողովուրդի կամքին, խաղաղության պայմանագիր ստորագրեց Իսրայելի հետ, որի հետևանքը եղավ իր սպանությունը:
Արյունալի նույն վախճանը ունեցավ նաև Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը, որն առանց իր ժողովուրդի կողմից տրված «կանաչ լույսի»՝ պատրաստվում էր խաղաղության պայմանագիր ստորագրել պաղեստինցիների հետ:
Այսինքն, փաստ է՝ իրար հետ հողային հարց, ազգային դատ, իրավունքի հետ խնդիր ունեցող ժողովուրդների պետությունների ներկայացուցիչները վերջին հաշվով խաղաղության պայմանագիր կարող են ստորագրել միայն այն ժամանակ, երբ տվյալ երկու ժողովուրդները հավասարապես համաձայն կլինեն իրար հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ, այլապես՝ որևէ ձևի պայմանագիր, նույնիսկ՝ կնքված, կմնա ճերմակ թուղթի վրա պարզապես որպես սևով գրված շարադրանք: Այո, կան նաև հաջողված դեպքեր, ինչպես նախկին Չեխոսլովակիայի օրինակը, երբ սառը պատերազմի ավարտից հետո Չեխիան և Սլովակիան փոխըմբռնումով և իմաստությամբ բաժանվեցին իրարից և կնքեցին խաղաղության պայմանագիր, որովհետև երկու ժողովուրդները հավասարապես համաձայն էին սրբագրելու իրենց նկատմամբ նախապես կատարված պատմական միջազգային անարդարությունը և պատրաստ էին համերաշխ միասին ապրել կողք կողքի՝ իբրև բարեկամ ու հարևան երկրներ: Եվ սա հաջողվեց նրանց:
Ինչ վերաբերում է մեզ՝ հայությանը, հարցը հստակ է: Միջազգային ընտանիքը և ներքին ապազգայինները, միամիտ մոլորյալները լավ պիտի հասկանան, որ թուրքի հետ խաղաղության պայմանագիր կարելի է ստորագրել միայն այն ժամանակ, երբ նա կընդունի իր գործած Հայոց ցեղասպանությունը, ապա պատրաստակամություն կհայտնի հատուցել հողային, նյութական, բարոյական բոլոր իրավունքները, այնպես, ինչպես քաջություն և իմաստություն ունեցավ անելու Գերմանիան հրեաների նկատմամբ: Սակայն Թուրքիան առայժմ ոչ միայն հեռու է այդ քայլից, այլև՝ ազերի եղբոր հետ միասին շարունակում է պանթուրանական հայակուլ իր նույն քաղաքականությունը, հետևաբար՝ նա մնում է Հայաստանի ու հայության թշնամին: Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու, հաշտության, բարի դրացիության պայմանագիր կնքելու որևէ որոշում քաղաքական որևէ ուժ կամ Հայաստանի որևէ իշխանություն իրավունքը չունի մենակ կայացնելու, որովհետև այս թղթածրարը համազգային էական և բարդ խնդիր է, հետևաբար՝ պահանջում է համազգային համաձայնություն և որոշում: