Միայն վերջնական փաստաթուղթ ստորագրելուց հետո պարզ կլինի, թե կողմերն ի՞նչ են բանակցել և ի՞նչ ձևաչափով են քննարկում. Թուրքագետ

Ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի 3-րդ հանդիպումը տեղի կունենա կրկին Վիեննայում։ Նախորդ երկու հանդիպումներից հետո կողմերը միևնույն բովանդակությամբ  ու շեշտադրումներով հայտարարությունն էին տարածել, թե բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների  լիարժեք կարգավորումն է՝ առանց նախապայմանների:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանից հարցրեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ առանց նախապայմանների լինի սահմանների բացում,  ինչին մեր զրուցակիցը պատասխանեց.

«Բանագնացների քննարկումները տեղի են ունենում փակ ձևաչափով, և մենք դեռևս չգիտենք, թե ինչեր են քննարկում, հետևաբար՝ չենք կարող ասել, թե այնտեղ արդյոք քննարկվո՞ւմ են նախապայմաններ, թե՞ ոչ. այդ ամենը պարզ կլինի այն ժամանակ, երբ կողմերը վերջնական փաստաթուղթ ստորագրեն, և մենք հասկանանք, թե կոնկրետ ո՞ր կետերի շուրջ են համաձայնության եկել հայկական և թուրքական կողմերը: Կարծում եմ՝ միայն վերջնական փաստաթուղթ ստորագրելուց հետո պարզ կլինի, թե կողմերն ի՞նչ են բանակցել և ի՞նչ ձևաչափով են քննարկում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը»:

Հարցին, թե՝ հնարավո՞ր է բարեկամություն հայ և թուրք ազգերի միջև, թուրքագետը  պատասխանեց.

«Կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս ակտիվ գործընթաց է ընթանում, որի համար, կարող ենք ասել՝ ստեղծվել են բավական նպաստավոր պայմաններ: Հարկ է նշել, որ երկու երկրները պատրաստվում են փուլային ճանապարհով կարգավորել միմյանց հետ հարաբերությունները: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, կարծում եմ, լինելու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ: Այս պարագայում ամեն ինչ տանում է  նրան, որ հայ-թուրքական սահմանները բացվեն և պետությունների միջև սկսվեն դիվանագիտական հարաբերություններ»:

Տեսանյութեր

Լրահոս