Ռուսաստանը ցույց է տվել՝ չի հեռանալու Հարավային Կովկասից ու դուրս չի մղվելու Ղարաբաղյան կարգավորման գործընթացից

Ղարաբաղյան հակամարտության ու հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորման գործընթացը, շուրջ երկու ամիս է՝ թևակոխել է Արևմուտք-Ռուսաստան հարավկովկասյան բաց մրցակցության փուլ:

Ուկրաինական թատերաբեմում միմյանց դեմ դիրքավորված աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց դիվանագիտական հայտարարություններում այլևս չեն թաքցնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը դարձել է Ռուսաստանի և Եվրոպական միության միջև քաշքշուկի և գլխավոր միջնորդի դերի համար պայքարի առարկա:

Ըստ էության, հենց այս պայմաններում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն հստակ ռուսական օրակարգով ու շեշտադրումներով, ինչպես նաև դրան հաջորդած ՌԴ ԱԳՆ մի շարք սուր հայտարարություններով, որոնք վերաբերում են կարգավորման գործընթացին:

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը, Բրյուսելը և արևմտյան մի շարք այլ երկրներ ու կենտրոններ տարբեր մակարդակներում ակտիվացրել են շփումները պաշտոնական Երևանի հետ, այդ ֆոնին տեղի ունեցավ ապրիլի 6-ի Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին ԱԳ նախարարներին հանձնարարել նախապատրաստվել Խաղաղության համաձայնագրին, ինչպես նաև մինչև ամսվա վերջ ձևավորել հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով, որը, ըստ Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածությունների, պետք է ձևավորվեր ռուսական հովանու ներքո:

Ի դեպ, այդ մասին հստակ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել ռուսական հովանու ներքո 2021 թվականի երկրորդ կեսին, սակայն այս ամիսների ընթացքում քնեցվել էին և Բրյուսելը, ըստ փորձագիտական կարծիքների, օգտվելով Ռուսաստանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակից, ձգտում է գրավել ռուսական «առաջին ջութակի» դերակատարությունը Ղարաբաղյան հարցում:

Ռուսական դիվանագիտական որոշ շրջանակներ մեր ուշադրությունը հրավիրում են հատկապես այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ռուսական կողմը չսահմանափակեց տարածաշրջանային օրակարգերով, այլ շատ ավելի ընդարձակ ու աշխարհաքաղաքական խնդիրներ դրեց հայկական կողմի առջև, ինչպիսին Ռուսաստանի դեմ գործադրված պատժամիջոցների ռեժիմն է, կենսալաբորատորիաների թափանցիկությունն ապահովող հռչակագրի և աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող մի շարք շեշտադրումներ, որոնք տեղ գտան Փաշինյան-Պուտին 30-կետանոց հայտարարությունում, որի վերջին միայն մի քանի կետերն էին նվիրված Հարավային Կովկասին ու ՀՀ-ՌԴ-Ադրբեջան բանակցային գործընթացին: Վերջին օրերի ռուսական և հայ-ռուսական պաշտոնական բոլոր տեքստերում հատուկ ընդգծվում է ՌԴ բացառիկ դերակատարության մասին: Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունը, որը Փառուխում ադրբեջանական ուժերի առաջխաղացման համար մեղադրանքների արշավ էր սկսել ՌԴ-ի ու ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ, ՌԴ-ում այդ մասին ուղիղ չխոսեց և շատ ավելի մեղմ արտահայտվեց:

Մեկ այլ հանգամանք ևս ուշագրավ է: Փաշինյանի ռուսական այցին հաջորդեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության այցը Երևան: Սրան զուգահեռ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ նշելով, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ազդանշաններ չի ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսելու մտադրության մասին։

«Մենք նման նախաձեռնություն չենք սպասում: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դիվանագիտական ակտիվությունը նշանակալիորեն զգացվել է, երբ Վաշինգտոնը և Փարիզը փաստացիորեն կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երբեմնի ներդաշնակ աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ համագործակցությունից: Նման համընկնումները պատահական չեն լինում: Նաև ակներև են բարձր մակարդակում ռուս-հայկական-ադրբեջանական պայմանավորվածությունները (Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը) և անցած տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած օրակարգը (արդիական հումանիտար խնդիրները լուծելը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը) յուրացնելու՝ Բրյուսելի անպատկառ փորձերը: Այդ համատեքստում հաստատում ենք մեր աներկբա հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Միաժամանակ լի ենք վճռականությամբ՝ համակողմանիորեն աջակցելու խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մեզ պատմականորեն կապում են բարեկամական, դաշնակցային և գործընկերային կապերը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Չափազանց հատկանշական է նաև այն հանգամանքը, որ չնայած Արևմուտքը միտումնավոր տապալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, ծրագրելով հակամարտության կարգավորմամբ զբաղվել առանց Ռուսաստանի, հայկական կողմը շարունակում է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբից:

Փաշինյան-Կլաար հանդիպման ժամանակ, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:

«Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել, բայց նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան ու քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, սա լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս»,- ասել է նա:

Ավելին, 168.am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ-ին հրապարակայնորեն մարտ ամսին դիմելու քայլը, որքան էլ որ տարօրինակ կարող է հնչել, արտոնված և թելադրված էր ռուսական կողմից սահմանափակելու համար Արևմուտքի՝ ՌԴ-ին տարածաշրջանային կարգավորումից դուրս թողնելու բոլոր դիվանագիտական սպասվող փորձերը:

Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ևս այդ շեշտադրումներն արվել են, դա է պատճառը, որ Կլաարը, որը Երևան է ժամանել Միշելի «փաթեթի» իրականացման օրակարգով, կրկին լսել է շեշտադրումներ այն մասին, որ ԼՂ հիմնախնդիրն անհրաժեշտ է կարգավորել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում: Չնայած հանգամանքին, որ պաշտոնական Երևանը Մոսկվայի այս հորդորն իրականացնում է, Մոսկվայում հասկանում են, որ Փաշինյանը՝ իրավիճակային, իսկ ՌԴ-ի հետ հարաբերություններում «ստիպված» է գործում՝ ցանկացած պահի պատրաստ լինելով աշխարհաքաղաքական շրջադարձերի, ինչի մասին ակտիվորեն խոսվում էր մինչ Փաշինյանի ռուսական այցը:

168.am-ի մոսկովյան դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի թե՛ ռուսական այցի ընթացքում, թե՛ դրանից հետո ՌԴ-ն ցույց է տվել, որ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, դուրս մղվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից:

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում նշեց, որ ռուսական արտաքին քաղաքական, ռազմական «հրետանին» ուղղված է ուկրաինական ճակատին, որտեղ ամեն ինչ չէ, որ ընթանում է ռուսական սցենարով, սակայն, եթե բարձրաստիճան բանակցություններ են տեղի ունենում, ռուսական կողմն իր ուղերձները փորձում է տեղ հասցնել և վստահաբար արել է նաև վերջին բանակցությունների ժամանակ՝ ցույց տալով, որ ունի շահեր Հարավային Կովկասում ու չի պատրաստվում դրանք զիջել:

Նրա որակմամբ, գուցե ներկայումս ՌԴ լարված զբաղվածությունից օգտվում են Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև Արևմուտքը Ղարաբաղյան հարցում, բայց Մոսկվան ունի իր հստակ դերակատարությունն ու այն պահպանելու է:

«ՌԴ-ն հասկանում է, որ ուկրաինական ճակատում իրավիճակը կարող է երկարաձգվել, ու դիվանագիտական լիակատար պասիվությունը կարող է մեծ կորուստների պատճառ դառնալ: Ուստի կարծում եմ, որ աշխատանքում որոշ բաներ փոխվում են, ՌԴ-ն ինքը դժվարությամբ հարմարվում է նոր իրողությունների ու կփորձի գործել այդ պայմաններում, բնականաբար, չզիջելով իր դիրքերը ու շահերը ռեգիոնում»,- նկատեց նա:

Բնականաբար, աշխարհաքաղաքական նման ակտիվ մրցակցությունն ահռելի հնարավորություններ է ստեղծում հայկական դիվանագիտության համար, որը ծանր իրավիճակում է հայտնվել թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներհայաստանյան իրողություններից ելնելով: Սակայն այն անելանելի իրավիճակն Արցախյան բանակցային «սեղանի» շուրջ, որը փորձում է հրամցնել հանրությանը Նիկոլ Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը:

Իրենք՝ դիվանագետները, ևս ընդունում են, որ աշխարհաքաղաքական մանևրների ու դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ է բացվում, որն այս իշխանությունը միանշանակ չի օգտագործելու:

Տեսանյութեր

Լրահոս