«Իմ հիմնական մտավախությունն այն է, որ Հայաստանին Արևմուտքը ճամբարի փոփոխություն է առաջարկում». Արման Գրիգորյան
Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որոշ բաների մասին մի քիչ ակնարկով ու քողարկված եմ խոսել իմ վերջին երկու հարցազրույցում։ Այսօր ուզում եմ դրանց մասին ավելի բաց ու հստակ խոսել։ Ի՞նչն է իմ հիմնական մտավախությունը։ Իմ հիմնական մտավախությունն այն է, որ Հայաստանին Արևումուտքը ճամբարի փոփոխություն է առաջարկում և որ Հայաստանում այդ գաղափարին համակրանքով վերաբերվողներ կան, այդ թվում իշխանության ներսում։ Առաջարկն ամենայն հավանականությամբ հետևյալ տեսքն ունի. դուք Ադրբեջանի հետ և մեր միջնորդությամբ շուտափույթ ու վերջնական լուծում եք Արցախի հարցը, Արցախը հանձնելով Ադրբեջանին։ Ադրբեջանին մենք կհամոզենք, որ որոշակի կարգավիճակ տա Արցախին ու մենք կերաշխավորենք Արցախի հայերի ֆիզիկական անվտանգությունը, բայց հարցին պետք է վերջնական լուծում տալ։ Դա անելուց հետո ձեր ձեռքերը կազատվեն Ռուսաստանի պարտադրած կապանքներից։ Ձեր գլխին այլևս կախված չի լինի Արցախի խնդիրը, որը Ռուսաստանը միշտ շահագործելու է որպես ազդեցության ու ճնշման գործիք։ Դրանից հետո դուք կկարողանաք անել այն, ինչ արել են արևելաեվրոպական երկրները, այն է` ազատվել Ռուսաստանի գերիշխանությունից ու դառնալ արևմտյան ճամբարի լիիրավ անդամներ, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարով։ Այսօր դրա համար հատկապես հարմար պահ է, որովհետև Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով։
Մենք էլ շատ կգնահատենք նման քայլը, քանի որ դա բավականին ծանր հարված կլինի Ռուսաստանին, որի հետ մենք հիմա պատերազմական վիճակի մեջ ենք։ Կարող եք նաև չանհանգստանալ Թուրքիայի պահով, մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի Թուրքիան չսպառնա Հայաստանին։ Ի վերջո թուրքերը հասկանում են, որ սա նաև իրենց շահերից է բխում, հետևաբար գործընթացին խանգարող ոչինչ չեն անի։
Լավ իմանալով մեր իշխանական վերնախավի նախընտրությունները, տրամադրությունները, վերլուծական կարողությունները և առանց աջ ու ձախ նայելու`նվիրական իղձերով առաջնորդվելու նրանց հակվածությունը, ես անհանգիստ եմ, որ նրանք կարող են նման առաջարկին լուրջ վերաբերվել։ Իսկ նման առաջարկին լուրջ վերաբերվել չի կարելի ոչ մի դեպքում։ Չեմ բացատրելու, թե ինչու, որովհետև ողջամիտ մարդիկ առանց իմ բացատրության էլ հասկանում են, թե ինչու։ Իսկ մյուսներին ինչքան ուզում ես բացատրիր, տարբերություն չի անելու»։