Բաժիններ՝

Ուկրաինան պլանավորում է տրանսպորտային միջանցքներ ստեղծել բալթյան երկրների տարածքով

Էստոնիայի էկոնոմիկայի նախարար Տաավի Աասը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է բալթյան երկրների տարածքով նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծել Սեւ եւ Ազովի ծովերում Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակման պատճառով։

«Ցանկություն կա, բայց կան բավականին շատ տեխնիկական խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, որպեսզի ուկրաինացիները կարողանան անհրաժեշտ ծավալի ապրանքներ փոխադրել»,-Աասն ասել է ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալին՝ մեկնաբանելով ուկրաինացի մասնագետների հետ հանդիպումները:

Նրա խոսքով՝ Կիեւն առաջին հերթին ցանկանում է հնարավորություններ գտնել հացահատիկը եւ մետալուրգիական արտադրանքը համաշխարհային շուկա արտահանելու համար: Կախված ապրանքի առանձնահատկությունից՝ կարելի կլիներ օգտագործել Բալթիկ ծովի նավահանգիստները՝ այդտեղ բեռները տեղափոխելով հիմնականում երկաթուղային ճանապարհով, հավելել է նախարարը: Ամենից առաջ անհրաժեշտ է լուծել երկաթուղով սահմանների հատման հետ կապված խնդիրը, որպեսզի ավելի շատ գնացքներ երթեւեկեն: Դժվարություն կա նաեւ տարբեր լայնության երկաթուղագծերի հարցով, նշել է Աասը:

«Վաղուց ժամանակն է Բալթիկայի երեք երկրների միջեւ կանոնավոր ապրանքագնացք աշխատեցնել, որն անհրաժեշտության դեպքում կկարողանա սպասարկել նաեւ ուկրաինական ապրանքները»,-եզրափակել է նա, ընդգծելով, որ ներկայում կարեւոր է արագ կերպով համաձայնագիր կնքել Լատվիայի եւ Լիտվայի գործընկերների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս