Նիկոլ Փաշինյանն այցելել է Նիժնի Նովգորոդ. նրա պաշտոնական այցը ՌԴ ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ժամանել է Նիժնի Նովգորոդ։ Օդանավակայանում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը։

Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին:

Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում` ծաղկեսպակ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում և եղել Միքայել Հրեշտակապետի տաճարում:

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներին, պատասխանել տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, Հայրենիքում ներդրումային ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների:

Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է:

Տեսանյութեր

Լրահոս