
ԵՄ-ում առաջարկել են դադարեցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը. Reuters

ԵՄ-ի մի շարք երկրներ առաջարկում են դադարեցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը, արգելել ռուսական նորությունների հեռուստաալիքները, դադարեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալը և նոր պատժամիջոցներ սահմանել իբր «Կրեմլի հետ կապված» ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ:
Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների հասանելությունն ավելացնելու վրա, որպեսզի փորձի «կրճատել ռուսաստանյան նավթից հրաժարվելու գինը» և Գերմանիային ու մի շարք այլ «դիմադրող» երկրներին համոզել՝ ընդունելու այդ միջոցը: «ԵՄ-ի առանձին երկրներ նաև պնդում են ուրիշ նոր սահմանափակումներ կիրառել:
Այդ միջոցները ներառում են… Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծման դադարեցում, նոր արգելք ռուսական նորությունների հեռուստաալիքների համար, այցագրեր (տալու) դադարացում ռուսաստանցիների համար և պատժամիջոցների սահմանում այն հավելյալ անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են Կրեմլի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այդ միջոցներից ոչ մեկը պաշտոնապես չի առաջարկվել, երկրները դրանց նկատմամբ տարբեր դիրքորոշում ունեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: