Ստվերային կառավարությունը՝ որպես իշխանափոխության կարևոր գործոն. փաշինյանական ճանապարհային քարտեզի հետքերով

«Մենք չենք եկել այստեղ ու պահանջում բացառապես իշխանափոխություն։ Մենք ասում ենք՝ իշխանափոխությունը պետք է իրականացվի, որ մենք հասնենք մեր գլխավոր նպատակին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը կիրակի օրը մարդկանց կոչ էր արել գալ Ազատության հրապարակ, և չբացահայտելով պայքարի ամբողջ ծրագիրը՝ վստահեցրել, որ այն ոչ թե մեկ քաղաքական ուժի պայքար է լինելու, այլ ցանցային, որին ներգրավվելու է յուրաքանչյուր քաղաքացի, հայ մարդ, որը մտահոգ է երկրի ճակատագրով:

Այս օրերին տարբեր նախաձեռնության ներկայացուցիչներն Ազատության հրապարակում կազմակերպում են թեմատիկ քննարկումներ: Հնարավոր է՝ որոշ ժամանակ հետո կրիտիկական զանգվածի հավաքվելուց հետո Ազատության հրապարակում քննարկվի նաև ստվերային կառավարության ձևավորման հարցը: Այսինքն, առաջին հայացքից, այսպես ասած, դանդաղ առաջ գնացող և մեղմ գործընթացը կարող է լուրջ արդյունքների հանգեցնել: Գուցե:

Չմոռանանք, որ Ազատության հրապարակի նմանօրինակ հարթակում է, ըստ էության, գծվել, խմբագրվել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կամ իշխանափոխության հասնելու տեսլականը: Այսինքն, ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքն այս հարթակը կարևոր գործիք է համարել իշխանափոխության հասնելու համար:

2013-ի մարտի 15-ին կայացած «Բարև»-ի հանրահավաքին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պնդել էր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ստվերային կառավարություն ձևավորելու իր առաջարկը: Ավելին, նա նույնիսկ հուշել էր դրա մեխանիզմը: Ի դեպ, առաջարկն արվել էր դեռևս փետրվարին:

«Կա առաջարկ` Րաֆֆի Հովհաննիսյանի արտոնությամբ և թույլտվությամբ Ազատության հրապարակում գումարել Բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիական շարժման անհատ մասնակիցներ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձևավորման վերաբերյալ: Այս քննարկումը, սակայն, պետք է ունենա գործնական նպատակ, այն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկներ ներկայացնել նոր կառավարության, նոր իշխանության ձևավորման սկզբունքների և կազմի մասին»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Հանրահավաքից անմիջապես հետո այդ ուղղությամբ քննարկումներ սկսվեցին, ավելի ուշ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ստվերային կառավարության պոտենցիալ անդամների ցուցակ ունի՝ մոտ 70 հոգի:

2013-ի մարտի 17-ին Ազատության հրապարակում Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստին, որտեղ քննարկվում էր, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության կազմը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, թե ցուցակում ընդգրկելու են հնարավորինս չվարկաբեկված մարդկանց, որպեսզի նրանք քննադատության թիրախ չդառնան, և տվել էր կոնկրետ անուններ:

«Մենք պետք է տրամադրենք մեզ հետևյալին՝ փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Մենք բոլորս պետք է մտածենք իշխանափոխության մասին և նոր իշխանության մասին, քայլերի մասին, որոնք որ տեղի ունեցած դե ֆակտո իշխանությունն արձանագրելու է նաև դե յուրե: Այստեղ նոր կառավարության ձևավորում տեղի չի ունենում: Հնչում են մտքեր: Սա հրավեր է բոլորիս՝ բարձրաձայն մտածել՝ ինչ է լինելու վաղը: Հայաստանը մեր տունն է, և Հայաստանի հոգսը մեզնից յուրաքանչյուրի հոգսն է, ի՞նչն է խանգարում, որ մենք մտածենք՝ առանց վախենալու, թե մի նախադասության մեջ մի վրիպում թույլ կտանք, և դա կդառնա մեծ պատմություն: Ոչ, չի դառնա մեծ պատմություն: Մենք մտածում ենք մեր հայրենիքի ապագայի մասին: Եթե ես, օրինակ, մտածում եմ, որ Ժիրայր Սէֆիլյանի պոտենցիալը կարող է գործի դրվել Հայաստանի ապագայի կերտման համար, ես չեմ վախենա դա ասել: Եթե ես մտածում եմ, որ Ստեփան Դեմիրճյանը, որը 2003-ի նախագահական ընտրություններում հաղթել է, եթե ես դրանում համոզված եմ, ես չեմ վախենում դա բարձրաձայնել: Ես չեմ վախենում ասել, որ մենք երեկ ցուցակ ենք կազմել, որտեղ ընդգրկված է՝ Արթուր Սաքունց, Վաղարշակ Հարությունյան, Մանվել Սարգսյան, Էդգար Վարդանյան՝ քաղաքագետ, Լիլիթ Գալստյան, Աշոտ Բլեյան, Ալեքսան Հակոբյան, Դավիթ Հովհաննիսյան՝ Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը, Սամվել Մարտիրոսյան, Խաչատուր Սուքիասյան, Սարհատ Պետրոսյան, Խաչիկ Գևորգյան, ռեժիսոր Արա Շիրինյան, իրավաբաններ Արթուր Գրիգորյան, Վահե Գրիգորյան, Մուշեղ Շուշանյան, Դավիթ Սանասարյան, Մարթա Այվազյան, որ 2008-ին դիվանագետների մեջ էին, որոնց աշխատանքից արտգործնախարարությունն ազատեց, Պարգև Օհանյան՝ դատավոր: Հիշո՞ւմ եք Պարգև Օհանյանին, որը դատական համակարգի մաս է եղել, բայց ի հեճուկս ամբողջ պետական համակարգի, էդ մարդը կայացրել է դատավճիռ: Ունի՞ այդ մարդը պոտենցիալ: Իմիջիայլոց, Պարգև Օհանյանն ինձ էլ է դատել: Հա, լուրջ եմ ասում, 99-ին: Հակառակ կողմում՝ մեղադրող կողմում, Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանն էին, և ինձ մեղադրողը պահանջեց, կարծեմ, 5 տարվա ազատազրկում, Պարգև Օհանյանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Հանրահավաքի մասնակիցների հակադարձմանը՝ այդ ցուցակում կա՞ Լևոն Զուրաբյանի անունը, Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր՝ արդեն հնչեց:

Լրացմանը՝ ձեր ցուցակում, ՀԱԿ պատգամավոր Փաշինյանը հարցն անպատասխան էր թողել:

Նույն օրը հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը եկել էր այն եզրահանգման, որ ամեն կուսակցություն իր շահն ունի, ուստի միասնական ցուցակ չկազմվեց:

Իր հերթին, անդրադառնալով ստվերային կառավարության թեմային, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշել էր, որ չունեն ստվերային կառավարություն, ընդամենը Նիկոլ Փաշինյանն առաջարկել է այլընտրանքային մարմինների ստեղծման համար Քաղաքացիական խորհրդի քննարկում, որը դեռ քննարկման փուլում է:

Այդ ժամանակ արդեն որոշ փորձագետներ Րաֆֆի Հովհաննիսյանին զգուշացնում էին, որ Նիկոլ Փաշինյանն իր հարթակը «գողանալու է», և իրենք համակերպվողի դերում են լինելու: Ոմանց կարծիքով էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հարթակն իր կամքով հանձնեց՝ բավարարվելով հացադուլավորի աթոռով:

2015-ի փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, 20 տարի անընդհատ խոսվել է իշխանափոխության մասին, բայց իշխանափոխություն երբեք չի իրականացվել, որովհետև չի եղել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը կունենա ապագայի ծրագիր, ստվերային կառավարություն:

«Սուպերլիդերների ինստիտուտը պետք է փոխել սուպերթիմով, որովհետև վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են: Դու ո՞վ ես ընդհանրապես, ցար ու բո՞գ ես, էսօր հանրահավաք անում ես, վաղը չես անո՞ւմ»,- շարունակել էր Փաշինյանը:

Մոտ 10 օր հետո՝ մարտի 24-ին, ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց արդեն ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը:

Քայլ 1 – Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչև այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:

Քայլ 2 – Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։

Քայլ 3 Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։

Քայլ 4 – Ձևավորել ստվերային կառավարություն։

Քայլ 5 – Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։

Քայլ 6 – Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։

Քայլ 7 – Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։

Քայլ 8 – Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամասշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։

Քայլ 9 – Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման և/կամ Թավշյա հեղափոխության միջոցով և ստանձնել Հայաստանի կառավարումը։

Քայլ 10 – Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը:

2016-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն ազդարարեց Վարչության ստվերային կառավարություն ձևավորման մեկնարկի և Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին:

«Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: Մեխանիզմը հետևյալն է՝ որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում, և այդ անձանց մի մասը կարող է և չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Հիմա հարց կարող է ծագել. Ինչո՞ւ ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող նման փորձի: Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամարտահայտում ապահովելու համար: Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ-չունենալը վճռական գործոն է գործող իշխանությանը հեռացնելու համար:

Ժողովուրդը պետք է ունենա ներքին վստահություն, որ հնարավորություն ունի իշխանության բերել մարդկանց, ովքեր կկարողանան երկիրը կառավարել անցնցում և առնվազն շատ ավելի հաջող, քան այսօրվա իշխանավորները: Նոր իշխանության մասին ամբողջական պատկերացումների բացակայությունն այն վճռական գործոններից է, որ իշխանափոխության՝ թվում է լայնորեն պահանջված գործընթացը ձախողել է մի քանի անգամ:

Ստվերային կառավարության բարեհաջող ձևավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է, և այսօրվանից այս գործընթացը կարող ենք համարել մեկնարկած: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի ձևավորել վստահելի կառավարություն, որը կունենա Հայաստանը ստեղծված վիճակից հանելու իրականանալի և ժողովրդին հասկանալի ճանապարհային քարտեզ, չնայած հասկանում եմ, որ դա հեշտ լուծվող խնդիրներից չէ:

Մեր նպատակը, այնուամենայնիվ, հետևյալն է. ստվերային կառավարության կազմում ընդգրկել կարող ուժերի ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից: Սա հատուկ նշանակություն ունեցող սկզբունք է, որովհետև ինչպես գիտեք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային անելիքը Մեծ հայրենադարձության հարուցումն է, որի արդյունքում առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4-5 միլիոնի, իսկ նման բան տեղի կունենա միայն Հայաստանում խորքային տնտեսական, քաղաքական, իրավական փոփոխություններ իրականացնելուց հետո, սա էլ նշանակում է մանրամասն մշակված և քննարկված ծրագրի առկայություն»,- իր ելույթում ասել էր Փաշինյանը:

Թե որքանով են Ազատության հրապարակը զբաղեցնող ընդդիմությունը, Փաշինյանի ընդդիմախոսները կարևորում ստվերային կառավարության ձևավորումը՝ որպես իշխանափոխության հասնելու կարևոր գործոն, ցույց կտա ժամանակը: Բայց այս մասին մտածել գուցե արժե, թեպետ, ինչպես ասում են՝ առաջնային խնդիրը Փաշինյանին հեռացնելն է, պաշտոնի հարց չկա: Ի դեպ, ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր նույնն ասում:

«Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը, և տեսնում եմ, որ այսօր ունեմ նման կարգավիճակի արժանանալու հնարավորություն: Կա ժողովրդի վստահությանն արժանացած նախագահի թեկնածու (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին.- Մ.Պ.), և նա թող ժողովրդին ներկայացնի իշխանական իր թիմին: Սա մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծել դե յուրե նոր իշխանության հաստատման հարցը»:

Թերևս, վատ բան չկա գոնե մտքում՝ ունենալու ստվերային կառավարության քարտեզ՝ առանց լիդերության կռվի, ամբիցիաները մի կողմ դրած, հատկապես, երբ այսօր նժարին դրված խնդիրն ավելի մեծ է՝ ՀՀ-ի և Արցախի անվտանգության, հայկական պետությունների լինել-չլինելու հարց, և ոչ թե՝ զուտ գործող վարչակարգի հեռացում և իշխանության ղեկի ստանձնում:

Տեսանյութեր

Լրահոս