«Ասում է՝ չէին լինի էս զոհերը… դե գնա ու մի խելագարվի…». Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայրը համախմբման կոչ է անում
«Երեխես չի իմացել, որ Արցախը գրավել են. ես հեռուստացույցն անջատում եմ, որ երեխես չլսի, ասում եմ՝ թող հանգիստ մնա,- 168.am-ի հետ զրույցում հուզմունքը խեղդելով ասում է 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան, ապա որդու նկարին նայելով՝ նրա համար լսելի ձայնով հավելում,- Արեգասարը գրավված չի»:
Լիդա Առուշանյանը որդու շքանշաններն ու համազգեստն աչքից հեռու է պահում ու միայն հյուրերի խնդրանքով բացում. ասում է՝ սիրտը չի դիմանում ցավին:
Մայոր Առուշանյանը մեծացել է Նոր Նորքում գտնվող հանրակացարանային բնակարանի երեք սենյակներից մեկում: Նա ընտանիքի միակ զավակն էր, 4 անչափահաս երեխաների հայր: Սենյակում ամենուր Դավիթի մանկության խաղալիքներն են, սեղանին՝ նրա հեռախոսը:
Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Դավիթը ծառայության է անցել Արցախի Իվանյանի զորամասում, ու պատերազմի օրերին էլ ընտանիքի հետ Արցախում էր:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տագնապ էին հնչեցրել. մայորը զորամաս էր գնացել, ընտանիքը՝ ապաստարան իջել:
Հոկտեմբերի 2-ին տիկին Լիդան, Դավիթի կնոջ՝ Լուսինեի, և 4 երեխաների հետ Ստեփանակերտից գալիս է Երևան՝ մտածելով՝ մի քանի օրից կռիվը կավարտվի, նորից հետ կգնան Արցախ, սակայն պատերազմը Դավիթի ընտանիքի համար այդպես էլ չավարտվեց:
«Իրերը նոր իջեցրել էինք, հեռուստացույցը միացրի՝ տեսա Դավիթիս մասին են խոսում: Հենց լսեցի՝ զգացի, որ երեխես չկա, սիրտս ընկավ ոտերս:
Եղնիկներից վերադառնալուց՝ Մատաղիս-Թալիշ ուղղությամբ, Արեգասարի համար մարտերի ժամանակ զոհվել է՝ նահանջի հրամանին չենթարկվելով. Իր դրոշի վրա գրած է՝ «Նահանջի տեղ չկա. Հետևում Արցախն է»: Կարևոր պոստ էր»,- պատմում է ցավից ավելի փոքրացած մայրը:
Որդու մարմինը տիկին Լիդան գտել է նրա զոհվելուց ամիսներ հետո միայն. երկարուձիգ փնտրտուքների ժամանակ դիմել է պատկան բոլոր կառույցներին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:
«Առաջին օրը երևի մենակ ես էի, որ ՊՆ էի գնում. քար լռություն, քար սրտեր, քար հոգիներ: Օրեր, ամիսներ հետո տեսա՝ մեր շարքերը շատանում են, բայց բոլորը խեղճուկրակ՝ ինչպես հիմա, ղեկավարության վրա մեծ հույսեր դնող:
Հերթագրվեցինք մեր ոչ բարով ղեկավարի մոտ (ես ոչ մի բանի սպասելիք չունեի): Գնացինք կառավարության շենք. անտարբեր, բյուրոկրատական քաշքշուկներ, միայն երեք ժամ մեզ ստուգել են, որ հանկարծ չտանենք Նիկոլին սպանենք, նույնիսկ բանալի, հեռախոս, կոպեկներ… Ոչ մի պատասխան: Ես իրենից շատ բան գիտեի. մի մարդը, որ Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերի, նրանից ի՞նչ սպասես:
Ստեփանակերտի փողոցներում լրիվ զինվորականների հայրեր, մայրեր անհույս թափառում էին, սոված-ծարավ, իրենց երեխեքին էին ման գալիս:
Մի քանի անգամ հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախագահին՝ Արայիկ Հարությունյանին: Ինքն էլ է օգնել. տարբեր ուղղություններով հետախույզներ են ուղարկել: Զինվորականների հետ եմ հանդիպել, քաղաքացիական ղեկավարության հետ էլ: Բոլորը լավ են ընդունել:
Մայիսի 21-ին բերել ենք: Գնացի նորից Անատոմիկ, ասացին՝ ԴՆԹ-ն համընկնում է: Չվստահեցի՝ նորից մեծ երեխայի անալիզն էլ տվեցինք, էդ էլ համընկավ:
Մայիսի 24-ին տարանք Եռաբլուր»,- հիշում է Լիդա Առուշանյանը:
Արցախի հերոսի մայրն անընդունելի է համարում նաև իր որդու կյանքի գնով պահված Արցախի փոքր հատվածի սակարկության մասին ցանկացած ակնարկ, նա համախմբման կոչ է անում ողջ հայությանը՝ խնդրելով մոտալուտ վտանգից փրկել Արցախն ու Հայաստանը, որի մասին մայրական սիրտն է վկայում.
«Արցախցինե՛ր, ձեզ եմ դիմում, սփյուռքահայե՛ր, բոլորի՛դ եմ դիմում, եթե ինչ-որ մեկը զգում եք, որ կարող եք փրկել….»:
Լիդա Առուշանյանին հանգիստ չի տալիս վարչապետի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» արտահայտությունը:
«Սրա նմանը պատմությունը չի տեսել ու Աստված չանի՝ տեսնի: Ու Պիղատոսի նման ձեռքերը լվանում ա: Տարի ու կես է անցել, սրությունը մեղմացել է, ասում է՝ չէին լինի էս զոհերը… դե գնա ու մի խելագարվի…»,- արցունքների միջից հազիվ լսելի ձայնով նշում է տիկին Լիդան:
Պատերազմի օրերին մարտի դաշտում մեր զինծառայողների արիության ու սխրանքների օրինակների մասին անդրադարձներում հոկտեմբերի 3-ին Պաշտպանության նախարարությունը Դավիթ Առուշանյանի մասին հայտնեց.
«2020թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ:
Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել և, ցուցաբերելով սառնասրտություն, դուրս է եկել խոցված Հետևակի մարտական մեքենայից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը:
Երկրորդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է երրորդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը՝ մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը»: