
Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքի ու ձեռքբերման համար թույլատրված գոտիներն ու սահմանափակումները
«Առևտրի վարչությունը հստակեցրել է իր կանոնները. նախորդ տարվա պես՝ ծաղկի առևտուրը կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում: Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը և դրա ձեռքբերումը՝ Ապրիլի 24-ին»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ նախապատրաստական բոլոր աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 23, 24-ը:
Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Մետրոպոլիտենն այդ օրը կաշխատի մինչև 01:00-ն:
«Ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված որոշման մեջ ներառված են նախապատրաստական բոլոր միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նախորդ շաբաթ բոլոր պատասխանատուների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն՝ Ծիծռնակաբերդի հուշահամալիրում, տրվել են բոլոր հանձնարարականները՝ շինարարության բարեկարգման, կանաչապատման, արտաքին լուսավորության մասով»,-նշեց Կամո Արեյանը: