Բելգիան փակել է իր նավահանգիստները Ռուսաստանի դրոշով նավերի համար
Սկսած կիրակի օրվանից՝ ապրիլի 17-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դրոշով նավերի մուտքի արգելքը Բելգիայի նավահանգիստներ: Այդ մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը:
ԵՄ-ի պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում կիրառվող այս միջոցը կվերաբերի շուրջ վեց հազար ռուսաստանյան նավերի կամ այն նավերին, որոնք ռուսաստանցի վարձակալները վարձել են Անտվերպենի, Զեբրյուգեի եւ Գենտայի նավահանգիստներում, նշում է ԶԼՄ-ն՝ վկայակոչելով Բելգիայի արդարադատության եւ Հյուսիսային ծովի գործերի նախարար Վինսենտ Վան Կիկենբոռնին:
Դրա հետ մեկտեղ RTBF-ն ճշտում է, որ պատժամիջոցների կիրառման եվրոպական կանոնները բացառություններ են նախատեսում մի շարք նավերի համար, որոնց կթույլատրվի ԵՄ-ի նավահանգիստներ մտնել հատուկ թույլտվության հիման վրա, որի համար պատաստանատվություն է կրում կոնկրետ նավահանգիստը:
Թույլտվությունը պետք է հաշվի առնի «այդ պահին տվյալ նավի, նավահանգստի եւ բեռի» առանձնահատկությունը, բացատրում են Բելգիայի ծովային գերատեսչությունները: Յուրաքանչյուր նավահանգստում յուրաքանչյուր նավի անհրաժեշտ է ստանալ նոր թույլտվություն: Եվ թույլտվությունը լինելու է կոնկրետ ապրանքի բեռնաթափման համար:
RTBF-ն բազմաթիվ բացառություններ է թվում, որոնք ռուսաստանյան նավերին թույլ կտան մտնել բելգիական նավահանգիստներ:
Մասնավորապես, խոսքը գազի ու նավթի, ինչպես նաեւ բոլոր տեսակի դեղագործական, բժշկական, գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքների, ներառյալ ցորենի եւ պարարտանյութերի, գնման, ներմուծման եւ ԵՄ փոխադրման մասին է: Ռուսաստանի նավերի համար մուտքը բելգիական նավահանգիստներ կարող են թույլատրվել նաեւ հումանիտար նպատակներով:
Բելգիայի իշխանությունների տվյալներով՝ ներկայում ավելի քան տասը ռուսական նավեր ուղեւորվում են դեպի Հյուսիսային ծովի նավահանգիստներ, եւ միայն նրանցից երեքի համար է մուտքն արգելվելու՝ հաշվի առնելով բոլոր գործող բացառությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: